Մատչելիության հղումներ

Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ՀԱՊԿ-ի էջում հայտնվելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն կապվել է ՀԱՊԿ-ի հետ. Նաղդալյան


«Ազատությունը» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում զրուցել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է, թե ի՞նչ գործողություններ են լինելու Հայաստանի կողմից, որ գյուղատնտեսական մթերք արտահանողները Ռուսաստանում ազգային խտրականության չենթարկվեն:

Նաղդալյան. - Այս ուղղությամբ երբ եղան զարգացումներ, մենք տեսանք, թե ինչպես արդյունավետորեն աշխատեցին Հայաստանում էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում մեր դեսպանության հետ միասին: Այդ հարցին անդրադարձել է նաև մեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ, դա համարել է անընդունելի և կոչ է արել ընկերներին ուսումնասիրել հարցը:

Այս առումով մեր օգտատիրոջը կարող եմ հավաստիացնել, որ այս հարցում հետամուտ ենք լինելու, որպեսզի հետագայում նմանօրինակ զարգացումները կանխվեն:

«Ազատություն». - Օգտատերերից մի քանիսին էլ հետաքրքրում է ԱԳՆ-ի վերաբերմունքը Russia Today-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի օրերս արած գրառման վերաբերյալ: Նրանք հարցնում են՝ ըստ Ձեզ, Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի դիրքորոշումն է հայտնե՞լ, երբ ասել է՝ «Ռուսաստանը բարոյական բոլոր իրավունքներն ունի թքելու ձեզ վրա», ասում է՝ «Ռուսաստանի Դաշնության բարիդրացիական վերաբերմունքն անտեսելով՝ Ղրիմի անկախությունը հաշվի չեք առել, դուք դատում եք Քոչարյանին, ռուս բիզնեսմեններին և այլն», երբևէ այս խոսքերի կոնտեքստը Ռուսաստանի Դաշնության որևէ դիվանագետ ակնարկե՞լ է մեր ԱԳ նախարարին:

Նաղդալյան. - Հստակորեն, ոչ, երբևէ ԱԳՆ որևէ աշխատակցի, նախարարի կամ որևէ մակարդակում հայ-ռուսական հարաբերություններում նման հարցեր չեն բարձրացվել և չեն կարող բարձրացվել, որովհետև մենք Ռուսաստանի հետ ունենք գործընկերային հարաբերություններ և այդ հարաբերությունները հիմնված են նաև ինքնիշխանության, իրավահավասարության, դարավոր բարեկամության սկզբունքների վրա: Ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, պետք է նշեմ, որ իմ պարտականություններից ելնելով՝ ես լիազորված եմ պատասխանելու լրագրողների, փորձագետների հարցերին և հանդես գալու Հայաստանի արտաքին քաղաքականության կամ միջազգային արտաքին քաղաքականության տարբեր հարցերի վերաբերյալ մեկնաբանություններով, սակայն ես լիազորված չեմ մեկնաբանելու որևէ լրագրողի անձնական կարծիքը, որևէ հարցի վերաբերյալ:

«Ազատություն». - Օգտատերը նաև հարցնում է՝ ՀԱՊԿ-ն իր թվիվթերյան էջում տեղադրել էր Սիմոնյանի այդ «խայտառակ» տեքստը և հետո հեռացրել է, չե՞ք կարծում, որ ուղղակի խած էր ստուգելու առանց այդ էլ երկու օր փոթորկվող հայերի արձագանքը:

Նաղդալյան. - Գրառումն այդ հարթակում հայտնվելուց հետո ՀԱՊԿ-ում մեր մշտական ներկայացուցչության միջոցով մենք անմիջապես կապ ենք հաստատել ՀԱՊԿ-ի համապատասխան վարչության հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել և անմիջապես խնդիրն, առաջինը, լուծվել է և երկրորդը, տրվել է բացատրությունը, որ սա եղել է տեխնիկական վրիպակ: Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից: Հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն:

«Ազատություն». - Օգտատերերից մեկն էլ հարցնում է՝ Հայաստանն արդյոք մասնակցելո՞ւ է Հակաթուրքական ալյանսին, որը սկսել են Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը:

Նաղդալյան. - Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ Հայաստանի համապարփակ անվտանգության համակարգի ապահովումը: Այս առումով մենք գնահատում և օգտագործում ենք բոլոր հարթակները՝ դրանք լինեն երկկողմ թե բազմակողմ ձևաչափով, որոնք ուղղված են մեր համապարփակ անվտանգության ապահովմանը:

«Ազատություն». - Մեկ այլ օգտատեր հարցնում է՝ ինչպե՞ս կգնահատեք «Թվատան» կամավորների աշխատանքը քարոզչական դաշտում:

Նաղդալյան. - Բավականին բարձր եմ գնահատում այն աջակցությունը, որը մենք ստացանք հասարակության տարբեր շերտերից այս օրերին: Իմ գործընկերները նույնպես իրենց խոսքում դա բազմիցս են նշել, որ բավականին մեծ խմբով երիտասարդներ, ոչ միայն երիտասարդներ, այլև տարբեր ներկայացուցիչներ հասարակության տարբեր շերտերից իրենց աջակցությունը և իրենց զորակցությունը մեզ հայտնեցին: Նախևառաջ իրենք մեծ նպաստ ունեցան մեր աշխատանքի կազմակերպման, համակարգման իրականացման գործում, և դա իսկապես ոգևորիչ է: Այն, ինչ որ արեցին սոցիալական մեդիա հարթակում մեր երիտասարդները, իրապես հիացնող էր, որովհետև իրենք կարողացան մարդկային ռեսուրսով պայքարել մի բանի դեմ, որը ավտոմատացված է: Դա իսկապես ոգևորող է, թե մենք որքան կարճ ժամանակում որքան ակտիվ մոբիլիզացում ունեցանք և ակտիվ աշխատանք, որը ուղղված է մեր բոլորի միասնական շահերի ներկայացմանն ու պահպանմանը:

«Ազատություն». - Օգատետերը որպես հարցի շարունակությունը ասում է՝ ի՞նչ կարող են անել դրսի համայնքները զուտ օգնության առումով և արդյո՞ք դեսպանատների դիմաց բարձր գոռալը բավարար է:

Նաղդալյան. - Մենք բարձր ենք գնահատում նաև համայնքի համախմբվածությունը համահայկական օրակարգի հարցերի շուրջ, իսկ այս հարցը մեր համահայկական օրակարգի հարցերից մեկն էր: Այդ առումով բոլոր համախմբվածությունը, համախմբված աշխատանքը, բնականաբար, իր արդյունքն է տալիս:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG