Եթե պահպանվի խաղաղությունը և նոր պատերազմ չլինի, Հայաստանն այս տարին կավարտի երկնիշ տնտեսական աճով, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ շեշտելով՝ սա կառավարության գործունեության արդյունք չէ։
Տնտեսագետը նկատեց՝ այդ աճը կշարունակվի հաջորդ տարվա առաջին կեսին, եթե ռուսները մնան Հայաստանում և իրենց գումարները պահեն այստեղ։
Ըստ տնտեսագետի՝ 2022 թվականի ապրիլից սկսած ռուսաստանցիները գալով Հայաստան իրենց հետ բերել են բավականին լուրջ գումարներ, պաշտոնական թվերով, միայն բանկերով Հայաստան է փոխանցվել մոտ երկուսուկես միլիարդ դոլար, Ռուսաստանից տրանսֆերտները մոտ երեք անգամ ավելացել են։
«Սա նշանակում է, որ Հայաստան մեծ քանակությամբ գումար է գալիս՝ արտարժույթ է գալիս, որն էլ իր ազդեցությունն է թողնում նաև մեր դոլար-դոլար փոխարժեքի վրա և այլ տնտեսական ցուցանիշների վրա», - ասաց Պարսյանը։
Տնտեսագետի փոխանցմամբ, Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածներն իրենց հետ բերել են նաև աշխատանք, խնայողություն։ Այս տարվա ընթացքում, Պարսյանի խոսքով, ռուսաստանցիները Հայաստանում մոտ 5 հազար ձեռնարկություն են ստեղծել և մոտ 15 հազար աշխատատեղ բացել` հիմնականում IT ոլորտում, իսկ սա հատկապես մեծացրել է պահանջարկը, պահանջարկի աճին զուգահեռ էլ աճում է նաև ծառայության և առևտրի ոլորտը։
Կառավարության հրապարակած տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամսիներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս։
Այդ 14 տոկոսը հիմնականում ապահովել է առևտրի և ծառայության ոլորտը, ասաց Պարսամյանը՝ շեշտելով՝ այս երկու ոլորտներն իրար հետ կազմում են տնտեսական աճի մոտ 10-11 տոկոսը։
«Այ էս տնտեսական ցուցանիշն, ի հեճուկս կառավարության և կառավարության տնտեսական բլոկի գործունեության, այստեղ նրանք որևէ նշանակություն, որևէ գործողություն չեն արել, որ այսպիսի տնտեսական աճ գրանցեն, նրանք նույնիսկ իրենց երազների մեջ չէին կարող պատկերացնել տարեսկզբին, որ կարող են 14,1 տոկոս տնտեսական աճ գրանցել», - եզրափակեց Պարսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործադիրը 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճն «իրատեսական է համարում»