Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը մոտենում է երկնիշին 


Հայաստանում տնտեսական ակտիվության աճը մոտենում է երկնիշին․Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանշն աճել է 9.4 տոկոսով։ Ընդ որում, արտահանումն ավելացել է ավելի քան 25 տոկոսով։

Երեկ գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է այս տարի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և «լավատեսական» գնահատեց արձանագրված ցուցանիշները։

«Մայիսի առաջին 22 օրերը ներառյալ՝ նախորդ տարվա համեմատ, մենք ունենք 574 մլրդ 697 մլն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն։ Այսինքն՝ նախորդ տարվանը պլյուս էսքան, ինչը կազմում է ավելի քան 1 մլրդ 200 մլն դոլար։ Այսինքն՝ մեր առևտրային շրջանառությունն էդքանով աճել է, իսկ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը՝ նախորդ տարվա նկատմամբ, 15 մլն հատով ավելի գործարք ենք ունեցել», - ասաց վարչապետը։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց՝ աճն ապահոված ոլորտները ծառայությունն ու հանքաարդյունաբերությունն են։

Նախորդ տարի այս ամիսներին՝ քովիդով պայմանավորված, ծառայությունների ոլորտում լավ իրավիճակ չէր, ուստի այդ ֆոնին այս տարի ոլորտում նման բարձր աճը հասկանալի է։

«Մտահոգիչ է արդյունաբերությունը, որն, ըստ էության, չի վերականգնվում, և նաև գյուղատնտեսության ոլորտը հիմնականում, սրանք ընթացիկ է ցուցանիշների մասով, բայց նաև կարևոր է արձանագրել, որ հիմա, այսօրվա իշխանություններն, ավելի քաղաքական նպատակներով փաստացի դրամն արժևորելու միջոցով փորձում են ժամանակավորապես, նաև էս քաղաքական իրողություններով պայմանավորված, ժամանակավորապես ճնշեն գնաճը, բայց սա տրաքելու է մի պահի և մենք ունենալու ենք կտրուկ գնաճային նորից ֆոն՝ իրա բոլոր սոցիալական հետևանքներով», - ասաց Թադևոս Ավետիսյանը։

XS
SM
MD
LG