Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսության վիճակը լավատեսական է. Փաշինյան 


Չնայած գլոբալ տնտեսական լարված իրադրությանը, Հայաստանում տնտեսության վիճակը լավատեսական է, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքերը նա հիմնավորեց հետևյալ թվերով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.4%-ով, առաջին հինգ ամիսներին 141 միլիարդ դրամ ավելի շատ հարկ ու տուրք է հավաքվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, նոր ռեկորդ է սահմանել գրանցված աշխատատեղերի քանակը։

«Ապրիլին մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Այստեղ հաշվառում ենք այն աշխատատեղերը, որոնց դիմաց վճարվել է աշխատավարձ, և հաշվարկվել, վճարվել է եկամտային հարկ: Ըստ այդմ՝ ապրիլի աշխատատեղերի թիվը 664 հազար 736 է, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 123 հազար 308-ով», - հայտնեց նա։

Այս տարի կառավարությունը սպասում է 7% աճ, ՀԲ-ն՝ 1.2%

Հայաստանյան տնտեսության վերաբերյալ Փաշինյանի լավատեսական գնահատականները հնչում են ուկրաինական պատերազմի պատճառով Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային երկրներում տնտեսական աճի սպասվող դանդաղման կամ նույնիսկ անկման ֆոնին։ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն, օրինակ, ԵՏՄ անդամ հինգ երկրներից երեքում՝ Ռուսաստանում, Բելառուսում և Ղրղզստանում, այս տարվա համար կանխատեսվում է անկում։ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերոջ՝ Ռուսաստանի մոտ տնտեսական անկումը կկազմի 11.2%։

Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում սպասում է ընդամենը 1.2% աճ։ Չնայած սրան, վարչապետը շարունակում է խոսել 2022թ.-ին 7% տնտեսական աճ ապահովելու մտադրության մասին, ինչպես որ նշված է կառավարության 2021-2026թթ. ծրագրում։

«Իմ հանձնարարականը և տրամադրվածությունն այսպիսին է՝ մենք պետք է կենտրոնանանք մեր բյուջեի կատարման վրա, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա, որպեսզի կարողանանք մեր 7 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշն ապահովել», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Երևանի փողոցներում կարծիքները տարբեր էին. «Չկա, ո՞ւր է, որտե՞ղ եք տնտեսություն տեսնում։ Ի՞նչն է լավ, ի՞նչն է փոխվել դեպի լավը, ի՞նչն էր վատ, որ հիմա ավելի լավն է դարձել։ Ես միգուցե լավ չեմ տիրապետում ինֆորմացիային, բայց չեմ տեսնում տենց բաներ», - ասում է քաղաքացիներից մեկը։

«Չէ, դրական է, նորմալ է ամեն ինչ, շարժվում է, կյանքը շարունակվում է», - մեկ այլ քաղաքացու տեսակետն է։

Ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական անկման ալիքը դեռ չի հասել Հայաստան. Ավետիսյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այս տարվա առաջին ամիսներին համեմատաբար բարձր տնտեսական աճի պատճառներից մեկն այն է, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական անկման ալիքը դեռ չի հասել Հայաստան:

«Այդ որ ասում է՝ ավելացել են եկամուտները, պետական բյուջեի հարկերը, դա հիմնականում գնաճի արդյունք է, ըստ էության, և այն գրանցված առաջին երեք ամիսների տնտեսական աճի, չմոռանանք՝ 2021 թվականի առաջին եռամսյակը մենք գտնվում էինք Covid-19 համավարակի ազդեցությունների ներքո՝ մեր տնտեսությունը, և անկում էր արձանագրվում», - ասաց նա։

Ավետիսյանը հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քոերոբյանի անցած տարվա խոսքերը, որ երկնիշ տնտեսական աճ է սպասվում, սակայն գրանցվեց մոտ երկու անգամ քիչ:

Հայաստանում տնտեսության վիճակը լավատեսական է. Փաշինյան
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

XS
SM
MD
LG