Մատչելիության հղումներ

Արտերկրից դրամական փոխանցումների ռեկորդային աճ է գրանցվել


Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցված երկնիշ տնտեսական ակտիվության ֆոնին՝ արտերկրից հոսող դրամական փոխանցումները ռեկորդային աճ են գրանցել։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս տարվա առաջին հինգ ամիսներին արտերկրից հայաստանյան բանկերի միջոցով քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 272 միլիոն դոլար։ Սա ամենից բարձր ցուցանիշն է 2004 թվականից ի վեր, երբ գլխավոր դրամատունը սկսել է հրապարակել այս տվյալը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 70 տոկոս:

Այդ գումարի կեսից ավելին՝ 53 տոկոսը Ռուսաստանից է, մոտ 20 տոկոսը՝ Միացյալ Նահանգներից։

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական նախագահ Գևորգ Պապոյանը հետևյալ բացատրությունն ունի՝ կապիտալը հոսում է այնտեղ, ուր իրեն լավ է զգում։

Գևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան

«Մեր տնտեսական քաղաքականությունը և վերջին տարիների տնտեսության ազատականացումը բերել է նրան, որ ընդհանրապես դրամը հոսում է այնտեղ, որտեղ իր համար ամենալավ պայմաններն են: Եվ մենք մեր տնտեսական քաղաքականությունը ներդրումների ներգրավման, ներդրողների իրավունքների պաշտպանության, ֆինանսական շուկաների կայունության, մրցակցության և մրցունակության ապահովման տեսանկյունից հաջողել ենք ու ճիշտ քաղաքականություն ենք վարել, որի արդյունքում այդ ներհոսքը տեղի է ունենում և Հայաստանի տնտեսությունը զարգանում է», - ասաց Պապոյանը:

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, հանրապետություն դրամական միջոցների հոսքի պատճառը ամենևին էլ իշխանությունների քաղաքականության արդյունքը չէ, այլ ռուս-ուկրաինական պատերազմը և արևմտյան երկրների կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Թադևոս Ավետիսյան
Թադևոս Ավետիսյան

«Էս տաք փողերը, ես այդպես եմ գնահատում, ինչպես որ ավելացել են էս պատիկներով, այդ պատահական գործոնը եթե չլինի, նույն ձևով դրանք նվազելու են: Այսինքն դրանց վրա մեծ պլաններ հյուսելն ու մեծ խնդիրներ ձևակերպելը ճիշտ չի լինելու, որովհետև իրական չի լինելու», - նշեց Ավետիսյանը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը ևս աննախադեպ աճ է գրանցել

«Ազատության» երկու զրուցակիցները, սակայն, համակարծիք էին՝ Հայաստան հոսող գումարը լուրջ դերակատարություն է ունեցել այս տարվա առաջին կիսամյակում երկրում գրանցված երկնիշ տնտեսական ակտիվության համար։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.8 տոկոսով, ինչը, դարձյալ, ամենից բարձր ցուցանիշն է 2011-ից ի վեր, երբ Վիճկոմը սկսեց տնտեսության տեղաշարժը չափել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշով։

«Բոլոր կանխատեսումները, իհարկե, նրա մասին են, որ կառավարության ծրագրով ամրագրված 7 տոկոսի ցուցանիշը շատ հեշտորեն հաղթահարելի է այս պահի դրությամբ: Ինչ վերաբերում է ապագային, բնականաբար, մենք պետք է շարունակենք մեր տնտեսական բարեփոխումները, որպեսզի այն իրավիճակում, երբ որ մակրոտնտեսական գործոնները կկայունանան նաև գործընկեր երկրներում, այն մարդիկ, որոնք այսօր եկել են Հայաստան, իրենց տնտեսական շահերի կենտրոնը կշարունակի մնալ Հայաստանը», - նշեց Գևորգ Պապոյանը:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այժմ հիմնական հարցն է, թե կկարողանա՞ արդյոք կառավարությունը պահել բարձր տնտեսական աճը և խելամտորեն օգտագործել երկիր հոսող դրամը։

«Կարևոր է արձանագրել, որ այն 11.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ այս տարին համեմատված է նախորդ տարվա հետ, այստեղ բազային էֆեկտը չենք մոռանում, որովհետև նախորդ տարի առաջին 6 ամիսներին մեր տնտեսությունը շարունակում էր հյուծվել, և այդ փոքր բազայի հետ համեմատած նաև այս բարձր աճն է եղել», - ընդգծեց Ավետիսյանը:

Համաշխարհային բանկը անցած ամիս հրապարակեց երկրների այս տարվա տնտեսական աճերի իր կանխատեսումը։ Կառույցում համարում են, որ 2022 թվականը Հայաստանը կփակի ընդամենը 3.5 տոկոսանոց աճով։

XS
SM
MD
LG