Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն առնվազն 201 զոհ ունի

Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն առնվազն 201 զոհ ունի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է այսօր հայտնել՝ 201 մարմին է նույնականացվել։

40 օրերին ոչ մի պետական մարմին զոհերի վերջնական թիվ չի հայտնել, իսկ այս ընթացքում տեղեկություններ հրապարակող միակ պաշտոնյան՝ վարչապետը, զոհերի ու անհետ կորածների ընդհանուր ու վերջնական թիվ է ասել։ Վերջին տվյալը՝ որ նրանք 210-ից ավելի են։

«Ավարտվել է փորձաքննությունների ողջ ընթացքը և իրականացվել են նույնականակցումները», - նշեց Ավանեսյանը:

«Ազատության» հարցին՝ այս պահին կա՞ն չնույնականացված մարմիններ, նախարարը պատասխանեց. «Ոչ, չկան»:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր հայտարարում էր՝ Պաշտպանության նախարարությունը գիտի կոնկրետ տեղանքներ, որտեղ զինծառայողների մարմիններ կան։ Այդ օրերին կռված տղաների ծնողներն էլ են ասում՝ իրենց աչքով են տեսել դիերը, որոնք մինչև հիմա դուրս չեն բերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից։

Պաշտոնյանները՝ նրանց թվում նաև ՄԻՊ-ն այսօր կրկին նույնն է ասել՝ Ադրբեջանը համաձայն չէ։ Մինչդեռ վարչապետը մոտ մեկ շաբաթ առաջ ասում էր՝ պայմանավորվածություն կա՝ «այսօր-վաղը»։

«Ադրբեջանական կողմը դեռևս խոչընդոտում է և չի տալիս իր թույլտվությունը, որ մարմինները հանվեն», - նշեց օմբուդսմենը:

«Ադրբեջանցիների հետ տարբեր բանակցություններ եք վարում, դրանց գնալուց առաջ նախապայման դրեք»,- պաշտոնյաներին հակադարձում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ 13-ի բախումներից հետո թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի, թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով են բանակցություններ տեղի ունեցել։

«Պետք է ուժեղացնել ճնշումները, ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել այդ տարածքները, դա ի՞նչ պատասխան է, ի՞նչ եք անում դուք: Եթե ծնողը գիտի, որ իր երեխան ողջ է, վիրավոր է, դուք պատկերացնո՞ւմ եք՝ պետական մարմիններից ոչ մի պատասխան չեն ստանում: Իրենք գնում էին զորամասերի մոտ, այնտեղ էլ իրենց չէին պատասխանում», - ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը մոտ 40 օրերի ընթացքում զոհերի պաշտոնական ու վերջնական ցանկը չհրապարակելու մեկ բացատրություն ունի՝ թիվը մեծ է. «Զանգահարում էին ծնողներ, որոնք սփռված են հայաստանի ամբողջ տարածքով, որոնք փնտրում են իրենց որդիներին, ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց գցել անորոշության մեջ, իշխանությունը շատ լավ իմանալով այդ մեծ թվի մասին, որը մենք հիմա տեսնում ենք, աստիճանաբար հրապարակում են, էդ խեղճ մարդիկ էլ շունչները պահած, նստած սպասում են. անզորությունից մեկը ճանապարհ է փակում, մյուսը՝ չգիտեմ: Հրապարակեք հերոսների անունները: Նրանք իրոք հերոսներ են, և մենք գիտենք, թե ինչ պայմաններում են այդ զինվորները զոհվում, արդեն բազմաթիվ ընտանիքներ ենք այցելել...... ինչպես են այդ առանց խրամատի առանց կահավորման, առանց ոչ մի բանի զոհվում հենց այնպես մեր անպաշտպան զինվորները»:

5 օրվա մեջ վարչապետն անհետ կորածների երկու տարբեր թվեր է հայտնել՝ հոկտեմբերի 14-ին 30 հոգու՝ 28 զինծառայողի, 2 խաղաղ բնակչի մասին էր խոսում, երեկ՝ 29-ի։ Մինչև այժմ հստակ պաշտոնական բացատրություն չի հնչել։

Չնայած սեպտեմբերյան մարտերում զոհվածների ԴՆԹ նույնականացումն ավարտվել էր հոկտեմբերի 10-ից էլ շուտ, ՄԻՊ-ն այսօր կարծիք է հայտնել. «Մարմինը կարող է շուտ փոխանցված լինի, բայց փորձաքննության արդյունքները կարող են գալ 1-2 շաբաթ հետո, էդ գալու պահի դրությամբ էդ թիվը կարող է փոխվել»:

Ռազմական գերատեսչությունից այսօր էլ չասացին, թե երբ հնարավոր կլինի որոնողական աշխատանք սկսել։