Մատչելիության հղումներ

Զոհվածների, անհետ կորածների ծնողները տուժող են ճանաչվել կարմիրբերետավորների բռնությունների գործով


44-օրյա պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը տուժող է ճանաչվել Եռաբլուրում կարմիրբերետավորների բռնությունների գործով։

«Ամեն մարդ ինքը իրա միջից պետք ա մտածեր, թե ոնց պետք ա մեզ հետ վերաբերվի՝ պատկերացնելով, որ իրանց քույրն ա էդտեղ կանգնած, իրանց մայրն ա կանգնած, իրանց տատիկն ա կանգնած», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Սեպտեմբերի 21-ին ոստիկանները բռնի ուժով զոհվածների ու անհետ կորածների մայրերին, քույրերին, հարազատներին բերման էին ենթարկել Եռաբլուրից՝ որ ճանապարհ բացեն վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար։ Հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չհասներ իրենց որդիների գերեզմաններին։

«Մտածեցի ես, որ մեզի հեսա հետ կտան, ճանապարհ են բացում, որպեսզի ինչ-որ մեկը պիտի գար վայելեր էս տարածքի իրա արած գործի արդյունքը։ Բայց անսպասելիորեն հարձակվեցինք մամաների վրա», - պատմեց Գոհար Դավթյանը։

Տասն օր առաջ հարուցված քրեական գործով Դավթյանից բացի ևս 17 հոգի տուժող է ճանաչվել։ Նրանից շատերը ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել։ Բոլորին հարցաքննել են։

Նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանն «Ազատությանն» ասաց. - «Պատռվածքներ, արյունազեղումներ, կապտուկներ, ուղեկցող ցավեր, ողնաշարի հատվածում վնասվածքներ»։

Գոհար Դավթյանին չորս ոստիկաններ ոտքերից ու ձեռքերից քաշքշելով էին բերման ենթարկել։ Նա որդուն փնտրում է 2020 թվականի հոկտեմբերի 2-ից։ Արայիկը Ջաբրայիլ կամավոր էր մեկնել։ Մայրը մասունքներն էլ չի գտել։ Այսօր ընկերուհու՝ Անահիտի զոհված որդու տարելիցին էր Եռաբլուր եկել։

Անահիտին էլ ոստիկանները սեպտեմբերի 21-ին քաշքշելով բերման էին ենթարկել. - «Չորս-հինգ հոգով վեկալում են կարտոշկայի մեշոկի նման մտցնում են մեքենայի մեջ»։

Ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել։ Այսօր էլ ոստիկանության լրատվականից ասացին՝ քննությունը շարունակվում է։ Իսկ ոստիկաններն այս գործում որևէ կարգավիճակով ներգրավվե՞լ են։ Մեղադրանք որեւէ մեկին առաջադրվե՞լ է, կասկածյալ կա՞։ Քննչական կոմիտեից այս հարցերին չպատասխանեցին։

Տուժողների փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց. - «Էս պահին առաջադրված մեղադրանք չկա, որպեսզի մենք ծանոթանանք»։

Զոհվածների ու անհետ կորածների ծնողների նկատմամբ կարմիրբերետավորների արարքը բռնություն որակեցին 35 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն ու պահանջեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Հակառակ դեպքում, ըստ իրավապաշտպանների, կատարվածի ամբողջ պատասխանտվությունը կրելու է վարչապետը։ Ոստիկանապետը շարունակում է պաշտոնավարել, ավելին՝ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունն էլ էր այդ ցանկում, ասում է՝ սա նշանակում է Փաշինյանն ընդունում է ոստիկանների գործողությունները. - «Դրանք են իր մոտեցումները՝ կապված ժողովրդավարության հետ, և ոչ թե այն բավականին սիրուն հնչող խոսքերը, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամք ինքը նշել էր իր ուղերձում»։

Ի՞նչ է նշանակում ամբողջ պատասխանատվությունը Փաշինյանն է կրելու։ Արդյո՞ք հրաժարականի պահանջը հասարակական կամզակերպությունները ուղղելու են վարչապետի կողմ։ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ Փաշինյանից այլ բան են պահանջում. - «Մենք Փաշինյանից պահանջում ենք, որպեսզի ինքը հարգի ժողովրդավարական այն արժեքները, որոնք պետք է դրվեին 18 թվականի հեղափոխության արդյունքներով, և որոնք որ նաև ինքը հրապարակավ հայտարարում է, որ կիսում է»։

Անհետ կորած զինծառայողի մայրը հույս չունի, որ ոստիկանները կպատժվեն։ Կարմիրբերետավորները, ասում է, իշխանության հրամանն են կատարել։

XS
SM
MD
LG