Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով անհետ կորած է 29 մարդ


Վարչապետը սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով անհետ կորածների նոր թիվ է հրապարակել։ «Անհետ կորած է 29 հայաստանցի», - թվիթերյան գրառմամբ առավոտյան հայտարարել է Փաշինյանը։

Դեռ հինգ օր առաջ՝ Աստանայում, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ անհետ կորած են 30-ը՝ 28 զինծառայող, 2 խաղաղ բնակիչ։ Ի՞նչ է դա նշանակում, արդյոք այս ընթացքում մեկ հոգի գտնվել է։ Այս հարցը պետական մարմինները խոստացան, բայց օրվա ընթացքում չպարզաբանեցին։

Աստանայում Հայաստանի վարչապետը նաև ասում էր այսօր-վաղը դիերի դուրսբերման պայմանավորվածություն ունեն՝ հույս է հայտնելով, թե այն կպահպանվի: Այդ հայտարարությունից հինգ օր անց կրկին հույս է հայտնել, որ Ադրբեջանը կհամագործակցի ինչպես սեպտեմբերյան մարտերի, այնպես էլ ղարաբաղյան առաջին ու երկրորդ պատերազմներում մոտ հազար անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում։

«Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա այսօր-վաղը կազմակերպել դիերի դուրսբերումը։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», - նշել է վարչապետը։

Ինչո՞ւ որոնումները չսկսեցին. Պաշտպանության նախարարության խոսնակն ասում է՝ ներգրավված են միջնորդներ ու միջազգային գործընկերներ, բայց Ադրբեջանը մինչև այս պահը խոչընդոտում է։ Ե՞րբ կսկսվեն որոնողական աշխատանքներն ու ո՞ր ուղղություններով, այս հարցին Արամ Թորոսյանը կոնկրետ պատասխան չուներ. «Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը»:

19-ամյա ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանն ադրբեջանական հարձակման առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 13-ին է կորել Վերին Շորժայի հատվածից։ Այդ օրվանից նրա հայրը պետական մարմիններից մի պատասխան է լսում՝ վաղը կսկսեն որոնողական աշխատանքները։ Վաղը դրանք այդպես էլ չեն սկսվում, իսկ տղաները՝ նրանց թվում նաև վիրավորներ, արդեն մոտ 40 օր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են։

Ծառայակիցն է ասել Սերժ Ղազարյանին՝ որտեղ կարող է լինել Սերյոժան, վերջին անգամ նրան ողջ առողջ տեսել են ձորակի մեջ։

«Ինձ պատասխանում են, որ ընթացքի մեջ է, գործողություններ կատարվում են, պետք է պատվիրակներ գան, գալիս-գնում են ու արդյունք չկա: Ինձ ասում են՝ վաղը կմտնենք էս ձորը կմաքրենք, մյուս օրը, էսօր չեղավ, զանգում եմ էնտեղ մարդիկ կան, որ կապի մեջ եմ, ասում են՝ չի ստացվում, մյուս օրը, վաղը ու տենց շարունակ առ այսօր: Հլը իմը կորած է, բայց մարդիկ գիտեն, որ իրենց երեխաները զոհվել են, արդեն հեսա 40 օրը կլրանա, հերոս տղերք, բերեք նեխած դիեր տվեք ծնողներին», - ասաց Սերյոժա Ղազարյանի հայրը:

Սեպտեմբերյան մարտերից հետո ադրբեջանցիները 133 զինծառայողի մարմին են փոխանցել հայկական կողմին։ Չեն հրապարակվել ոչ զոհերի, ոչ էլ անհետ կորածների անունները, իսկ ժամանակ առ ժամանակ ներկայացվող մոտավոր թվերը միայն ավելանում են։ Վերջին տեղեկությունը, ինչպես նախորդ շաբաթներին, դարձյալ վարչապետն է հրապարակել. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցում է 210-ը։ Մինչ այդ հայտարարվել էր 206-ի մասին։

XS
SM
MD
LG