Հայ - ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկիզբ առած մարտերի օրերին անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատներն այսօր առավոտից փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը:
Թե՛ զինվորի հարազատները, թե՛ գյուղի բնակիչները պահանջում են Պաշտպանության նախարարությունից, Կառավարությունից՝ զինծառայողի մասին որևէ տեղեկություն հայտնել:
Վահե Թորոսյանը, ըստ ակցիայի մասնակիցների, ծառայել է Կապանում, նրանից ոչ մի տեղեկություն չունեն: Ծառայակից ընկերները պատմել են՝ որտեղ են նրան տեսել, ծնողները, հարազատները պնդում են, որ բոլոր կոորդինատներն ունեն, և պահանջում են, որ Պաշտպանության նախարարությունը զինվորին դուրս բերի այդ տարածքից:
Ծառայակիցները պատմել են, որ Վահեն վիրավոր է՝ մի քանի տեղից վնասվածքներ է ստացել:
Ճանապարհը փակողների թվում նաև զինծառայողի մայրն է՝ Եսթեր Թորոսյանը: Նա հայտնեց, որ վերջին անգամ որդու հետ հեռախոսով զրուցել է սեպտեմբերի 14-ին, ինչից հետո նրանից լուր չունեն: