Մատչելիության հղումներ

Մրմուռը մերն է, պաշտոնյաներն առոք-փառոք ապրում են. անհետ կորած զինծառայողի հարազատները փակել էին ճանապարհը


Անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյան
Անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյան

Եսթեր Թորոսյանը ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի մայրն է։ Մեկ ամիս է՝ որդուց լուր չունի։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո Վահեն անհետ կորել է։

«Ես Վահեի մաման եմ, իմ պահանջը իմ որդին ա։ Ես առողջ էրեխա եմ տվել, բայց էսօր միձեռանի, միոտանի էլ եմ տեր... Ողջ եմ ուզում իմ էրեխեն... խնդրում եմ... Մի ամիս ա, ձենը չեմ լսել, մռմռում եմ», - հեծեծում է մայրը։

Հուսահատ ծնողները, հարազատներն այսօր առավոտվանից փակել էին Էջմիածին-Մարգարա ճանապարհը։ Թող պաշտոնյաները գան ու պատասխան տան՝ ուր է Վահեն, պահանջում էին նրանք. - «Թող հենց Սուրեն Պապիկյանը գա, ինձի հստակ պատասխան տա, իրա կյանքի գնով թող իմ էրեխի կյանքը փրկի»։

Ինն ամսվա ծառայող է Վահեն։ Սյունիքի դիրքերում է եղել։ Վերջին անգամ սեպտեմբների 15-ին է խոսել ծնողների հետ։ Պատմում է մայրը. - «Զանգեց ասեց՝ մամ ջան, մենք իրար տենալու ենք, ես քեզ գրկելու եմ...»

Հետո էլ զանգերին չի պատասխանել։ Հայրը Կապան է գնացել՝ անտառներում որոնել որդուն, չի գտել։ Ասում է՝ գիտեմ տեղը, Ներքին Հանդի ձորակում է։ Վիրավոր է, ընկերն է պատմել. - «Որ գոռացել են փախանք ստեղից, ինքն ա ասել, որ վիրավորում ունի իրեք տեղից։ Ու ոչ մի քայլ դրա դիմաց չի ձեռնարկվել, ոչ մի բան»։

Երեւանից Կապան հայրը՝ Արամ Թորոսյանը հարցուփորձ է արել, զորամաս ու Կարմիր խաչին դիմել, որդու տեղը բացատրել։ Պատասխանել են, թե Ադրբեջանը չի թողնում այդ տարածք հասնել։ Դեռ բանակցում են. - «Ասում են՝ երբ որ վստահ կլինենք, որ էրկու կողմից կրակոցներ չի լինի, էդ վախտ մենք ներկայանում ենք խաղաղապահ ներկայացուցիչ, որ ոչ մի կողմից չլինի։ Ասի՝ դուք պիտի հարյուր տոկոս վստահ լինեք, որ կրակոց չի լինի, որ էնտեղ լինե՞ք... պետք չի ձեր ներկայությունը։ Ես իմ գյուղի ժողովրդով կգամ իմ էրեխուն ման կգամ, կգտնեմ»։

Վահե Թորոսյանը Արմավիրի մարզի Լուսագյուղից է։ Գյուղացիներն էլ հարազատների հետ փակել էին ճանապարհը։

«Իրանք առոք-փառոք իրանց դղյակներում ապրում են։ Ի՞նչ են անում... մսաղացից բացի ի՞նչ են անում», - վրդովված ասում է Վահեի համագյուղացիներից մեկը։

Մի քանի գյուղի երթեւեկություն կաթվածահար էր եղել։ Եվ միայն ճանապարհը փակելուց հետո մեզ հիշեցին, ասում է Եսթեր Թորոսյանը։ Ո'չ նախարարությունից, ո'չ զինկոմիսարիատից որևէ մեկը մեր դուռը չի թակել։

Ադրբեջանի հարձակումից մեկ ամիս անց էլ հայկական կողմին դեռ չի հաջողվում որոնողական աշխատանքներ սկսել, անհետ կորած զինվորներին փնտրել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում։ Բաքուն թույլ չի տալիս։

Կառավարությունը զոհվածների անուններն էլ դեռ չի հրապարակել։ Իշխանությունները միայն ասել են, որ հայկական կողմը 200-ից ավելի զոհ ու անհետ կորած ունի։

Երկուշաբթի զինվորի ծնողները Պաշտպանության նախարարության մոտ էին պահանջում նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպել, բայց նրանց ընդունեց բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։

Էջմիածին-Մարգարա ճանապարհը մի քանի ժամ փակ պահելուց հետո Պաշտպանության նախարարությունից լուր ուղարկեցին, թե Սուրեն Պապիկյանը պատրաստ է ընդունել մի քանի հոգու։ Վահեի ծնողները հարազատների ուղեկցությամբ նախարարություն գնացին, բայց այնտեղ ասել են՝ Սուրեն Պապիկյանը տեղում չէ, նրանց դարձյալ միջին օղակի պաշտոնյաներն են ընդունել։ Նույն բանը ասել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս իր հսկողության տակ անցած տարածքներ մտնել,, բանակցում են։

XS
SM
MD
LG