Զանգեզուրի միջանցքի հետ կապված որևէ խնդիր ես չեմ տեսնում, «Անադոլու» թուրքական պետական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Պրահայի հանդիպմանը Զանգեզուրի միջանցքը քննարկվել է և «հանդիպումից հետո Փաշինյանը կարո՞ղ է համոզել իր երկրի հանրությանը այս հարցում»։
«Մենք այնտեղ [Պրահայում ] նեղ հանդիպում ունեցանք, այդ նեղ շրջանակում կային Փաշինյանը, ինչպես նաև Իլհամ բեյն ու Հունգարիայի վարչապետ Օրբանը։
Դրանից հետո, իհարկե, մենք ևս մեկ հանդիպում ունեցանք և իհարկե մենք քննարկել ենք այդ հարցերը, բայց Զանգեզուրի միջանցքի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում», - այսօր Աստանայից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Էրդողանը՝ առանց մանրամասներ նշելու։
Պաշտոնական Երևանը վերջին 13 տարվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների միջև առաջին հանդիպման մասին հաղորդագրությունում միայն տեղեկացրել է՝ «Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը»: Այլ մանրամասներ հայկական կողմը չի հաղորդել։
Թուրքիայի իշխանությունները բազմիցս են հայտարարել, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։
«Հայաստանի կողմից դեռ հստակ քայլեր չենք տեսնում Զանգեզուրի և այլ ծրագրերի հարցում», - այս տարվա հուլիսին հայտարարում էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, թե «Հայաստանի ղեկավարությունը, Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղության համար պետք է դրական քայլեր անի, միայն խոսքերը բավարար չեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ու Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն են հայտնում` կրկին հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»