Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա, պնդում է Թեհրանը, իսկ Անկարան սպառնում է Երևանին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ

Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա, չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Իրանի և Հայաստանի սահմանը մեզ համար հաղորդակցության պատմական ուղի է, և այն փոփոխությունների չպետք է ենթարկվի», - Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` նշել է Ամիր Աբդոլահիանը` հավելելով. - «Տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր պատերազմի իրողության հետ, ուստի Թեհրանը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կովկասում նոր պատերազմն անընդունելի է․ Ռայիսին՝ Փաշինյանին

Եվ մինչ Թեհրանից ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և զսպվածություն ցուցաբերելու կոչեր են հնչում, Անկարան շարունակում է իր անվերապահ աջակցությունը հայտնել Ադրբեջանին, արդեն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով:

«Ստեղծված իրավիճակը մեր կարծիքով անընդունելի է։ Հայաստանը խախտում է այն համաձայնագրի դրույթները, որը ձեռք էր բերվել Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո։ Ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրադարձություններին դեմ հանդիման մենք, ինչպես միշտ, կանգնած ենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին», - չորեքշաբթի օրը Անկարայում կայացած հավաքի ժամանակ հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան շարունակում են Հայաստանին մեղադրել տարածաշրջանում իրավիճակը սրելու համար

Թուրքիայի նախագահը նաև սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, որ Երևանի պահվածքն անհետևանք մնալ չի կարող։

«Կասկած չկա, որ նման մոտեցումը Հայաստանի համար հետևանքներ է ունենալու։ Այդ երկիրը ոչ միայն չի կատարում համաձայնագրի դրույթները, այլև շարունակում է նախահարձակ պահվածք ցուցաբերել։ Մենք հուսով ենք, որ Հայաստանն ի վերջո կշեղվի այդ կեղծ ուղուց, կկատարի համաձայնագրի դրույթները՝ իր ժամանակն ու եռանդն օգտագործելով խաղաղության ամրապնդման համար», - ասում էր Էրդողանը։

Այսօր արդեն Թուրքիայի նախագահը ուղևորվում է ուզբեկական Սամարղանդ քաղաք, որտեղ մեկնարկում է Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Նախօրեին թուրքական աղբյուրները հաղորդել էին, որ Սամարղանդի երկօրյա համաժողովի ընթացքում Էրդողանը հանդիպելու է նաև իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ՝ քննարկելով նաև հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում քննարկելու են հայ-ադրբեջանական ճգնաժամը

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: