Մատչելիության հղումներ

Անկարան Երևանին է մեղադրում սահմանային լարվածության համար


Պաշտոնական Անկարան Երևանին է մեղադրում սահմանային լարվածության համար և հորդորում վերադառնալ բանակցությունների սեղան: Թուրքիայի արտգործնախարարն այսօր պնդել է, թե Հայաստանը խաղաղության հնարավորությունից օգտվելու փոխարեն սադրում է:

«Հայաստանը պետք է դասեր քաղի և խաղաղություն ուզի: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին մենք աջակցում ենք: Պետք է որոշել սահմանները, դրա համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Սրա վրա կենտրոնացեք, դուրս եկեք Ղարաբաղից», - նշել է նախարարը:

Մևլյութ Չավուշօղլուն վերստին ընդգծել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը Ադրբեջանից անկախ չի ընթանում և եթե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն են ուզում, ապա բոլոր երկրների խնդիրները պետք է լուծվեն, իսկ այդ հարցում Թուրքիան կարևոր դեր է խաղում:

Չավուշօղլուն կրկին Անկարայի անվերապահ աջակցությունն է հայտնել Բաքվին՝ ասելով՝ «Ադրբեջանը մենակ չէ»:

Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ, հետո Թվիթերում գրել է, թե Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են՝ «հայկական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին»:

Ջեյհուն Բայրամովն իր հերթին գրել է, որ Չավուշօղլու հետ հեռախոսազրույցում «ընդգծվել է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և ագրեսիայի դադարեցման կարևորությունը»։

Սահմանային իրավիճակը քննարկել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարները: Հուլուսի Աքարը Զաքիր Հասանովին ցավակցել է զոհերի համար, նա ևս հավաստիացրել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանի կողքին է: Պաշտոնական Բաքուն իր զոհերի մասին առայժմ ստույգ տվյալներ չի հաղորդում։

Ու մինչ երեկ կեսգիշերից Երևանը հաղորդում է ադրբեջանական բանակի կողմից ծանր զինատեսակներով ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման, տասնյակ զոհերի մասին, Բաքուն պնդում է, թե այս լարվածության միակ պատասխանատուն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է:

«Վերջին ամսվա ընթացքում Հայաստանը սադրանքների է դիմել պետական սահմանին, տարբեր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար կրակել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ Բացի այդ, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով նկատվել է Հայաստանի կողմից հարձակողական տեսակի սպառազինության՝ ծանր հրետանու և անձնակազմի կուտակում»։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօր հրապարակել է դեռ օգոստոսի 25-ին նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ՄԱԿ-ին հասցեագրած նամակը, որտեղ ներկայացված է «Հայաստանի անօրինական գործողությունները, այդ թվում՝ ադրբեջանական տարածքների ականապատումը»: Նամակում նաև նշվել է, թե Հայաստանը դուրս չի բերել իր անօրինական զինված միավորումները ադրբեջանական տարածքներից և չի դադարեցրել ռազմական գործողությունները, ընդհակառակը, նոր զորամիավորումներ է կազմավորել ու ամրացել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Փաստորեն, պաշտոնական Բաքուն սահմանին լարվածությունից ավելի քան երկու շաբաթ առաջ միջազգային հանրությանը բողոք է հղել Երևանի հասցեին, որը միայն այսօր է հրապարակել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG