Մատչելիության հղումներ

Բաքուն և Անկարան շարունակում են Հայաստանին մեղադրել տարածաշրջանում իրավիճակը սրելու համար


Գեղարքունիքի մարզում մարտերը շարունակվում են
Գեղարքունիքի մարզում մարտերը շարունակվում են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջին երկու օրերին զոհված զինծառայողների անունները, որոնց շարքում բազմաթիվ սպաներ կան։

Զոհված 50 զինվորականներից 10-ը լեյտանանտի կոչում ունեն, 17-ը՝ սերժանտի, 3-ը՝ ենթասպայի, ևս 18-ը շարքային էին: Երեկ ու այսօր սահմանին զոհված ադրբեջանցի զինծառայողների հուղարկավորություններ են տեղի ունեցել Մինգեչաուրում, Քյուրդամիրում, Շեքիում, Լենքորանում և մի շարք այլ շրջաններում։

Պաշտոնական Բաքուն շարունակում է կատարվածի մեջ մեղադրել Հայաստանին։ Օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու հաղորդագրություն է տարածել՝ դարձյալ պնդելով, թե հայկական կողմն է «խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ գնդակոծելով Լաչինի, Քելբաջարի և Դաշքեսանի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը»։

Ըստ պաշտպանական գերատեսչության, «ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են համարժեք պատասխան քայլերի». - «Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ցավոք, ադրբեջանական կողմը ևս կորուստներ ունի, դրա մասին հավելյալ տեղեկություն կտրվի»:

Ադրբեջանի արտգործնախարարություն էլ հայտարարել է, իբր Հայաստանն ուզում է սրել իրավիճակը տարածաշրջանում։ «Կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը: Խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է միայն միջազգային իրավունքը խստորեն պահպանելու հիման վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Բաքվի այս դիրքորոշումը Ադրբեջանի նախագահը այսօր ներկայացրել է նաև Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին: Ավելին՝ Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարին ասել է, թե Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղության կողմնակից՝ «որպես Բրյուսելում կայացած քննարկումների շարունակություն»:

Բաքվին զուգահեռ, Անկարան ևս շարունակում է Հայաստանին մեղադրել՝ հորդորելով ընդառաջ գնալ Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգին. - «Եթե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ենք ուզում, ապա Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությանը միտված անկեղծ քայլեր անի»:

Թուրքիայի արտգործնախարարը կրկին արդարացրել է Բաքվին ու պնդել, թե Ադրբեջանը չէր կարող «անպատասխան թողնել Հայաստանի սադրանքները»։ Ավելի վաղ Ադրբեջանին աջակցություն էին հայտնել նաև երկրի պաշտպանության նախարարն ու նախագահը։

Անկարայի այս ակտիվության ֆոնին այսօր թուրքական աղբյուրները հաղորդեցին, թե Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել հայ-ադրբեջանական վերջին բախումները այս շաբաթ Սամարղանդում նախատեսված հանդիպման ժամանակ։

«Թուրքիան շփումներ է սկսել՝ երկու երկրների միջև խնդրի հաղթահարման համար: Սա պետք է դադարեցնել, քանի դեռ ավելի լայնամասշտաբ չի դարձել», - «Ռոյթերզ»-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Պուտինն ու Էրդողանը Ուզբեկստան են մեկնելու` Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը, ըստ հաղորդումների, ներկա կլինի նաև Ադրբեջանի առաջնորդը: Հայաստանի վարչապետը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չի մեկնի Սամարղանդ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG