Երևանը հերթական ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը հրետակոծելու Բաքվի պնդումները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը, թե սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։

«Սա հերթական ապատեղեկատվությունն է, որն, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսի իրականացնելու համար», - նշում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Թորոսյանը վերահաստատեց՝ այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել ինտենսիվ հերտակոծություն՝ մասնավորապես թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։

«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները», - ասաց ՊՆ խոսնակը՝ նշելով՝ ժամը 12-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվույթունն էապես թուլացել է։

Ընդգծելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում՝ կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր, Թորոսյանը կոչ արեց՝ ձեռնպահ մնալ դարանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։

Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: