Նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պրահայում՝ Կարլի համալսարանի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է ռուս - ուկրաինական պատերաազմին:
Նա հավաստիացրել է, որ Գերմանիան անվերապահորեն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային: Նա դատապարտել է հարևանների նկատմամբ Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը: Շոլցը կարևորել է Եվրոպայի միասնությունը:
«Ամենակարևորն այն է, որ մենք միասին պահպանենք միացյալ Եվրոպայի գաղափարը: Դրա համար էլ մենք տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մարդասիրական և ռազմական եղանակով պաշտպանում ենք հարվածի տակ հայտնված Ուկրաինան: Գերմանիան այս հարցում հիրավի արմատապես փոխվել է անցած մի քանի ամսում: Եվ մենք կշարունակենք մեր աջակցությունը, որը կլինի հուսալի ու կտևի այնքան, որքան անհրաժեշտ է», - հավաստիացրել է կանցլերը:
Շոլցի խոսքով՝ Բեռլինը Կիևին կտրամադրի պաշտպանական նշանակության գերարդիական արդյունավետ զինատեսակներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինը կօժանդակի Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է. ՇոլցՆա ասել է, որ Գերմանիան մտադիր է նաև իր պաշտպանական ծախսերն ավելացնել: Ռուս - ուկրաինական պատերազմից առաջ Բունդեսվերի բյուջեն ավելացնելու գաղափարը գերմանացիների շրջանում մեծ աջակցություն չի ունեցել:
Ապա կանցլերը խոսել է Եվրոպական միության ընդարձակման հեռանկարի մասին՝ հայտարարելով, որ հարկ է արմատական բարեփոխումներ իրականացնել Միությունում և պատրաստվել նոր անդամներ ընդունելուն:
Դրանք, ըստ կանցլերի, կլինեն Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և հեռանկարում՝ Վրաստանը:
«Այդ ընդարձակումը բխում է Եվրամիության շահերից: Եվրոպան միավորված է խաղաղությամբ և ազատությամբ և բաց է այդ արժեքները դավանող երկրների համար: Այս օրերին նորից հարց է ծագում, թե որտեղո՞վ պետք է անցնի բաժանարար գիծն ազատ Եվրոպայի և նեոիմպերիալիստական ինքնակալության միջև», - ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը Պրահայի Կարլի համալսարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատմական պահ». Ուկրաինան և Մոլդովան՝ ԵՄ անդամ երկրների թեկնածուներ