«Հրաշալի է, որ Ադրբեջանը ուշադիր հետևում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ինտեգրացիոն գործընթացներին», - հինգշաբթի օրը Ղրղըզստանում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ադրբեջանցի պաշտոնակից Ալի Ասադովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:
Միշուստինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ցույց տալ Բաքվին ինտեգրացիոն գործընթացի բոլոր ուղղությունները:
Ադրբեջանի վարչապետն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Միշուստինին այդ հանդիպումներին Բաքվի մասնակցության նպատակով գործադրվող ջանքերի համար: «Ես անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ դրա համար», - ասել է Ասադովը:
Այսօր Ղրղըզստանում կկայանա ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցելու է նաև Ադրբեջանի վարչապետը: Ընդ որում, Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը նման հավաքին ԵԱՏՄ օրակարգում էր դեռևս անցած տարվա ապրիլին: Այն ժամանակ Կազանում կայացած հանդիպմանը Ադրբեջանի կառավարության ղեկավարը չէր մասնակցել ԵԱՏՄ անդամ Հայաստանի դիրքորոշման պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մերժել է Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստինԵԱՏՄ վարչապետների այսօրվա ընդլայնված նիստն այդ առումով կարելի է պատմական համարել, քանի որ առաջին անգամ է, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան մասնակցելու է կազմակերպության հավաքին:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի՝ այս կամ այն ձևաչափով կազմակերպությանն ինտեգրվելու հարցը մտավ օրակարգ, Բաքուն էլ տարբեր հարթակներից հայտարարեց, որ եվրասիական ինտեգրման հիմնական խոչընդոտն այլևս չկա:
Ամեն դեպքում, խոսքն այսօր դեռ հյուրի կարգավիճակով ընդլայնված նիստին մասնակցելու մասին է:
Նիստին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը: Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների՝ այսօր Ղրղըզստանում հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չկա:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղըզստանը: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը: Մի շարք երկրների հետ կազմակերպությունն ունի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, մասնավորապես՝ Իրանի հետ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, Մոսկվան նման հեռանկարի մասին խոսում է տարիներ շարունակ: Անկախ վերլուծաբաններից շատերը, սակայն, Մոսկվայի լավատեսությունն այս հարցում չեն կիսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ քննարկումները վերստին ակտիվացել են