Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ քննարկումները վերստին ակտիվացել են


Հայաստան - ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովը, 1-ը հոկտեմբերի, 2019թ․
Հայաստան - ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովը, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախօրեին Բաքու կատարած այցից հետո նորից ակտիվացան Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին քննարկումները։

«Անկասկած մոտ ժամանակներս մենք կտեսնենք Ադրբեջանի ավելի խորը համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության հետ», - այսօր հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը։

Բաքվում Բելառուսի նախագահի հետ երկու օր առաջ կայացած բանակցությունների ժամանակ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, թե Մինսկը որպես հայերի և ադրբեջանցիների դաշնակից կարող է լուրջ դերակատարություն ունենալ ինչպես Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման, այնպես էլ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցման միջոցառումների գործում։

Բաքու այցից հետո Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկել նաև Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հետո էլ խոսել է Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ռուսական մամուլն էր այսօր գրել է՝ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այսօր այս մասին, մասնավորապես, «Մինի-ԽՍՀՄ ընդլայնում, Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել Gazeta.ru-ն։ Ռուսական պարբերականը գրում է․ - «Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ինտեգրման գործընթաց սկսել Բելառուսի միջնորդությամբ։ Սկզբի համար պաշտոնական Բաքուն կարող էր դիտորդի կարգավիճակ ստանալ, ինչպես, օրինակ, Մոլդովան, կարծում են փորձագետները»։

Փորձագետները նկատում են, որ այսօր Ադրբեջանի հիմնական առևտրական գործընկերներն են Թուրքիան և Եվրամիությունը, և Եվրասիական միության շուկան, մասնավորապես՝ ռուսական շուկան, կարող է չափազանց հետաքրքիր լինել Ադրբեջանի համար, հատկապես այն ոչ էներգակիրների առևտրի համար դիտարկելու դեպքում։ Մյուս կողմից, այդ նույն փորձագետները գրում են, որ Հայաստանն իր համաձայնությունը կարող է տալ՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ Ադրբեջանին։

Ավելի վաղ RBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաև Հայաստանի համաձայնությունը։

Ռուսական մամուլը գրում է, որ այսօր Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել երկու հիմնական հարցերի շուրջ։ Նախ՝ ռազմագերիների վերադարձի հարցը․ Հայաստանը պահանջում է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որ մինչ օրս պահվում են Ադրբեջանում, մինչդեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե ռազմագերիների վերադարձի հարցը փակված է։ Երկրորդ հարցը, որի շուրջ Բաքուն և Երևանը չունեն համաձայնություն, տրանսպորտային ուղիների հարցն է։ RBC-ն գրում է, թե Հայաստանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը երկրի հարավում Մեղրիի տարածքով, սակայն պնդում է, որ դրա հետ միաժամանակ սկսվի Իջևանի տարածքով երկաթգծի վերականգնումը: Այդ երկու ճանապարհներն աշխատել են խորհրդային ժամանակաշրջանում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30 տարիների ընթացքում կա՛մ ապամոնտաժվել են, կա՛մ՝ ավերվել։ Բացի այդ, Երևանն առաջարկում է արդեն հիմա բացել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, իսկ Ադրբեջանը պնդում է, որ նախ բացվի Մեղրիի ճանապարհը, իսկ հետո արդեն՝ մնացած բոլոր ճանապարհները։

Վերջին տարիներին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը պարբերաբար քննարկվել է Մոսկվայում, սակայն պաշտոնական Բաքուն նման մտադրության մասին չէր հայտարարում, իսկ Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հիմնական խոչընդոտը ղարաբաղյան հակամարտությունն էր, և այսօր, երբ այդ խոչընդոտը, նրա խոսքով, արդեն չկա, անդամակցության մասին կարելի է լուրջ խոսել։

XS
SM
MD
LG