Այսօր կայացել է Արցախի խորհրդարանական հինգ ուժերի ղեկավարների հանդիպումը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։
Ինչպես նշված է Արցախի խորհրդարանի հաղորդագրությունում, «վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով, հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը»։
Առավոտյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես, ըստ հաղորդագրության, հղում կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ «նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում»։
«Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար», - ասված է Արցախի խորհրդարանի հաղորդագրությունում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր, որ ռուս խաղաղապահները «ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդՕգոստոսի սկզբին Արցախում իրավիճակը սրվել էր, բախումներ տեղի ունեցան Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, երկու կողմերից եղան զոհեր և տուժածներ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում օրեր անց իրավիճակը համեմատաբար կայունացավ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք