Աղավնոն արդեն գրեթե բնակիչներ չունի. գյուղից հեռացածները տարբեր հասցեներում են, հիմնականում անորոշ, ժամանակավոր հասցեներ են։
«Հոսանք չկար, կապն ընդհատվեց լրիվ, ՎիվաՍել-ն անջատեցին, ինտերնետն անջատվեց, ջուրը չկար: Էլ անիմաստ էի ես գտնում: Հա, ցավ է, որ այնտեղից դուրս ես գալիս, բայց դե... ինչ արած», - ասում է Աղավնոյի արդեն նախկին բնակիչ Գայանե Իսախանյանը:
Շաբաթ օրն է Գայանե Իսախանյանը՝ Աղավնոյի դպրոցի դասվարը դուրս եկել գյուղից ընտանիքի հետ, հետո փորձել են հետ գնալ, մի քանի օր էլ վայելել գյուղը. «Բայց դե արդեն ասացին, որ ով դուրս է եկել, մուտքն արգելվում է բոլորի»:
«Վերևից գուցե նայենք». հիմա ամուսնու հետ հրաժեշտի տարբերակներ են մտածում. «Էլ հետդարձի, ինձ թվում է, թե ճամփա չկա, գնանք, վերևից մի հատ նայենք, էդ էլ եթե թողնեն»:
Գայանեն ասում է՝ գյուղի 177 բնակիչների համար հանելուկ մնաց՝ ինչպես նախ օգոստոսի 25 վերջնաժամկետը սահմանվեց, հետո օգոստոսի 25-ն էլ կրճատվեց, ու ամսի 19-ին արդեն գյուղում մնացին հատուկենտ տղամարդիկ. «Աղավնոյի բնակիչներով, երեխեքով` սաղն էլ կոտրված, վիրավորված... կարծես թե ուրախացած մեզ հենց հովանավորեցին` 250 հազար տվեցին մարդկանց, որ իրենք արագի մեջ այդ վեշը հանեին»:
Ընտանիքները հեռացել են ռուս խաղաղապահների, ոստիկանների ու հրշեջների աչալուրջ հսկողություն ներքո, որ որևէ մեկը չկարողանա հրդեհել տունը, թեպետ մի քանիսը հաջողացրել են շրջանցել այդ արգելքը: Նոր տները գյուղում մանրահատակով են, արագ են բռնկվում:
«Փողոցները հսկում են երկու, երեք, չորս հոգով, հրշեջ մեքենաները կանգնած փողոցում», - ասում է նա:
Գայանե Իսախանյանը երեք երեխաների, ամուսնու հետ Սյունիքի Տեղ գյուղում` ազգականի տանը մի անկյուն են գտել, մինչև…
Այստեղ ապրելու ու երեք երեխաներին կոկիկ դպրոց ուղարկելու որևէ պայման չկա, ասում է նա. «Սանհանգույց չունենք, բաղնիք չունենք, մի հատ զալ է, մի սենյակ, էնքան որ տեղավորվում ենք»:
Վարձով տուն ունեցողները թվեր է, որ կրակում են, ընտանիքը դեռ տուն չի կարողանում գտնել, ուշանում է նաև պետության խոստացած բնակարանի գնման հավաստագիրը։
«Մեզ անգամ Հայկ Խանումյանը խոստացավ, որ մինչև ամսի 25-ը մեր բնակարանի սերտիֆիկատները մեր ձեռքին կլինի, հիմա էլ զանգում եսմ, ասում են` չգիտենք` երբ կլինի, ոնց կլինի», - պատմեց նա:
Արցախի տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությունը» տեղեկացավ՝ մինչև օգոստոսի 25-ը գուցե չստացվի, բայց մինչև ամսվա վերջ Բերձորի ու Աղավնոյի բնակիչները կստանան այդ սերտիֆիկատները, մնում է` 8-12 միլիոն դրամով կարողանան տուն գտնել։ «Սահմանային Տեղ գյուղում էլ չկա»,- ասում է Գայանե Իսախանյանը, բոլորը ամեն ինչ թանկացրել են. «Մենք հայ ենք, վերաբնակիչներ», - հիշեցնում է նա. «Առիթից օգտված մեր հայ ազգն էլ չգիտես` ինչ է անում: Ամեն ինչին էլ հարմարվում ես, կապես, բայց դե մի քիչ էլ խիղճն էլ է լավ բան»:
Աղավնոյի գեղեցիկ առանձնատանը հասցրեցին ապրել ընդամենը մեկ տարի ու մեկ ամիս, մինչև այդ 15 տարի դժվար պայմաններում սպասել ու հավատացել են գյուղի լավ ապագային: Հիմա այդ տնից կիտրոնի ծառն է Տեղ գյուղ հասել, որ բնակարանամուտի նվեր էր:
Գրեթե դատարակվել է ոչ միան Աղավնոն, նաև Բերձորը:
Այսօր քաղաքի խաղաղության հրապարակից հանվեց վերջին հուշարձանը՝ Մարտիկի արձանը: Լաչինի շրջանի Ադրբեջանին հանձնվող տարածքներից վերջին շաբաթների ընթացքում 47 հուշարաձան, խաչքար, մշակութային արժեք է տարհանվել:
Լարիսա Հայրապետյանը 7 հոգանոց ընտանիքի հետ Լաչինում մնացած փոքրաթիվ բնակիչներից է, խանութ ունի հենց կենտրոնում՝ Ստեփանակերտի ճանապարհին: Եթե միջանցքը տեղափոխվում է, գուցե ինքն էլ խանութով տեղափոխվի նոր միջանցքի վրա. «Չենք ուզում Ղարաբաղից դուրս գանք, մենք ուզում ենք Ղարաբաղի մեջ մնալ, այսինքն` այս ճամփան փոխենք էն մի ճամփի վրա, այսինքն` Հին Շենի ճամփի վրա, տեղ ենք ուզել խանութի համար, որ մի բան դնենք, այնտեղ աշխատենք», - նշում է նա:
Բերձոր, Աղավնո, Սուս՝ այս բնակավայրերում մնացած վերջին մի քանի հայերը երկու օր ունեն հեռանալու համար: