«Մեր խղճի հանդեպ մաքուր ենք, արել ենք մեր աշխատանքը, ոչ մի րոպե չենք քնել ու վարանել». փրկարար

Սերգեյ Բիձյանն ԱԻՆ-ի հատուկ նշանակության փրկարարական ջոկատներից մեկի հրամանատարն է։ Փրկարար է արդեն ավելի քան 20 տարի: «Սուրմալուի» շուկայի տարածքում պայթյունից անմիջապես հետո դեպքի վայրում է եղել իր ջոկատի հետ։

«Պետք է որոնողափրկարարական աշխատանքներն այնքան ժամանակ չդադարեն, մինչև համոզված լինենք, որ տակն իրոք մարդ չկա: Մենք մեր համոզմունքի համար, առաջինը խղճի համար, չգիտենք, այսօր Հայաստանում տուրիստները լի են, կարող է նաև տուրիստներ լինեն, նաև դրա վրա ենք աշխատում: Կարող է տուրիստ լինի, ոչ մեկը դեռ չի արձագանքել 911, կարող է բարեկամները հլը չեն իմացել: Աշխատում ենք մինչև վերջին րոպեն, որ մարդկանց կարողանանք հանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

«Տարբեր երկրներում էլ ենք մասնակցել երկրաշարժներին, փլուզումներին, բայց այս մասշտաբով կարելի է ասել` այո, առաջինն էր, Հայաստանի մակարդակով` ամենամեծերից մեկը»:

Այսօր փրկարարներն աշխատում են «Սուրմալուի» շուկայի տարածքում գտնվող եռահարկ շենքում, որտեղ պայթել է հրավառությունների պահեստը։ Մարդկանց փնտրում են բոլոր հարկերում՝ աստիճանաբար բացելով նաև նկուղների մուտքերը։ Սերգեյ Բիձյանի խոսքով՝ իրենց գործի տեր մարդիկ մինչև վերջին վայրկյանը պետք է փնտրեն` հույսը չկորցնելով, թե դեռ կարող են գտնել ողջ մարդկանց։

«Ասում են, որ շենքն ունի նկուղներ, որ նկուղների մեջ կարող է, մենք հույս ունենք, մարդիկ պաղկված լինեն: Ճիշտ է` ծխապատ տարածքը շատ-շատ է, բայց հույս ունենք` կարող է ինչ-որ մի տեղ, մի անկյունում մեկը պախկված լինի: Վերջին, անգամ հողի կտորը փորում ենք, նայում ենք, կարող է նաև մարդ այդ կողմով փախած լիներ», - նշեց նա:

Աղետալի պայթյունից հետո երեք օր շարունակ առանց դադարի աշխատող փրկարարները հիացմունքի խոսքերից բացի, նաև մեծ քննադատության արժանացան հատկապես անհետ կորած մարդկանց հարազատների կողմից, թե դանդաղ են աշխատում, դեպքի վայր չեն բերում ծանր տեխնիկա, որ ավելի արագ հեռացնեն փլված սյուներն ու շենքի մյուս մասերը։ Սերգեյ Բիձյանն ասում է՝ ծանր տեխնիկան կարող էր վնասել փլատակներում գտնվող հնարավոր ողջ մարդկանց, աշխատել են ըստ ընդունված կարգի. «Մենք դրան հիշաչար չենք նայում, նորմալ է դա: Ամեն մարդ կարա մի բան ասի, բայց մենք մեր խղճի հանդեպ այնքան մաքուր ենք, որ մենք արել ենք մեր աշխատանքը ու ոչ մի րոպե չենք քնել ու չենք վարանել»:

Փրկարարների աշխատանքին այս օրերին ուշի-ուշով հետևում է գրեթե ողջ երկիրը: Սերգեյ Բիձյանի խոսքով, սակայն, ամենաուշադիրն իրենց ընտանիքների անդամներն են. «Փոքրս 5 տարեկան է, մեծս 20 է լինում, միջնեկս էլ` 12: Իմ մասնագիտության հետ իրենք արդեն սովորել են, ի սկզբանե տեսել են, որ աշխատում եմ, դա իրենց համար սովորական բան է դարձել: Ես տանը չնայած գործից չեմ խոսում: Հիմա մի քանի ժամ գնացել եմ տուն, բացարձակապես, մեկ հարցը` ո՞նց եմ, ասել եմ` լավ: Ես չեմ սիրում, նույնիսկ տանն արգելել են, որ ինձ հարցեր տան», - պատմում է փրկարարը:

Բիձյանի ավագ դուստրը 20 տարեկան է, նրա խոսքով՝ հաստատ կցանկանար այստեղ լինել ու օգնել փրկարարներին, ինքն է արգելել: Հարյուրավոր կամավորներ, սակայն, այս օրերին «Սուրմալուի» շուկայի տարածքում են, մեծ օգնություն են ցուցաբերում, ասում է Բիձյանը. «Ալպինիզմի ֆեդերացիան է աշխատում, ՈՄԱ-ի թիմն է աշխատում, Կարմիր խաչը, նաև հասարակական այլ խմբեր կան, որ մոտիկանում են շտաբ, գրանցվում են, գալիս են մեզ օգնելու»:

Կարևոր է, որ գրանցվելուց ու դեպքի վայր գալուց առաջ, սակայն, կամավորներն ունենան որոշակի գիտելիքներ, հետևաբար օգնել թույլ են տալիս միայն դասընթացներ անցած մարդկանց։