Մատչելիության հղումներ

Պայթյունի վտանգ չկա, բայց թեթև ծխային օջախներ կարող են լինել. փոխնախարար


«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2 օր առաջ տեղի ունեցած պայթյունից զոհված քաղաքացիների թիվը հասել է 16-ի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ցուցակում են նաև մանկահասակ երեխան և նրա հղի մայրը։ Փոխնախարար Դավիթ Համբարյանը տեղեկացրեց, որ փրկարարները շարունակում են փլատակներում փնտրել անհետ կորած 3 հոգու: Պայթած շենքի հարակից հատվածից փրկարարները շարունակում են հանել շինարարական աղբը: Նախարարությունից հայտնում են, որ առաջիկա օրերին կհասկանան՝ ինչ պետք է անել նաև փլուզման ենթակա շենքի հետ:

«Մեր գերխնդիրը հիմա փլատակների մաքրումն է, որից հետո արդեն շենքին էլ կանդրադառնանք, հիմա շենքի հետ բացի հովացումից և տեսադիտարկումից հեռավորության վրա, ոչ մի գործողություն չի արվում, բայց արդեն պետք է մտածենք պլան, հասկանանք` մյուս գերատեսչությունների հետ, որովհետև այլ ներգրավված գերատեսչություններ պետք է նույնպես լինեն, մենք պետք է հասկանանք` համատեղ ուժերով ոնց ենք դրան անդրադառնալու, որպեսզի նաև այդ շինության կանգուն մասի հարցը հասկանանք: Նախնական և հիմնական տրամադրվածությամբ դա այդպես է {մինչև չգտնեն բոլոր անհետ կորածներին, շենքը քանդելու հարց չի բարձրացվելու}, և մեր գերնպատակը բոլորին հայտնաբերելն է», - նշեց փոխնախարարը:

Թեև պայթյունի պատճառների մասին դեռ չի խոսվում, սակայն պաշտոնապես հաղորդվեց, որ շենքում բավականին մեծ քանակությամբ հրավտանգ նյութեր են եղել։ «Ազատության» հարցին՝ արդյոք նոր պայթյունի վտանգ դեռ կա, փոխնախարարն ասաց, որ հնարավոր թեթև ծխային օջախների առկայություն կարող է լինել շենքի այն հատվածում, որը դեռ կանգուն է, սակայն պայթյունի վտանգ չկա։

«Շենքի այն հատվածը, որը դեռ կանգուն է, այդ հատվածում պարբերաբար, անընդհատ, կարելի է ասել, իրականացվել են և շարունակելու են իրականացվել հովացման աշխատանքներ` ավելի մարող ինտենսիվությամբ, իհարկե: Պայթյունի վտանգ չկա, բայց հնարավոր փոքր, թեթև ծխային օջախների առկայություն կարող է լինել, հետևաբար միայն հովացման աշխատանքներ են շինությունում:

Հիմա մենք արդեն տեսադիտարկման միջոցով փորձում ենք պարզել` շենքի ներսում ինչ կա, ինչ կարելի է տեսնել, շենքի ներս հնարավոր չէ մուտք գործել, դա վտանգավոր է փրկարարների համար, բայց շարունակելու ենք տեսադիտարկման միջոցով հասկանալ` կա արդյոք նման նյութ, մնացել է, թե ոչ», - ընդգծեց Դավիթ Համբարյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ հանդիպել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկի հետ։ Փամբուխչյանը հանդիպումից մանրամասներ չփոխանցեց, փոխարենը ասաց, որ Կադաստրի կոմիտեից են հատակագծեր պահանջել՝ նկուղային հարկերում ավելի մանրակրկիտ զննում անցկացնելու համար։

«Նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը և փորձենք, քանի որ այդ տարածքն արդեն բացազատված է, կարելի է ասել, նկուղային հատվածներում, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մանրակրկիտ զննում անցկացնել և որոնողափրկարարական աշխատանք անցկացնել», - նշել էր նախարարը:

XS
SM
MD
LG