Մատչելիության հղումներ

Տարօրինակ է, որ խախտումներից հետո «Սուրմալու»-ի գործունեությունը չի կասեցվել. Տիգրան Գալստյան


Ճարտարապետ Տիգրան Գալստյանը տարօրինակ է համարում, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը, որտեղ երկու օր առաջ որոտացած պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, նախորդ տարի Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից խախտումներն արձանագրելուց հետո չի դադարեցվել:

«Եվ դրանից հետո երկար ժամանակ է տրվել շտկելու, և կրկին ստուգում չի անցկացվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք երեկ դեպքի վայրում եք եղել, ի՞նչ տպավորություն ստացաք:

Տիգրան Գալստյան. - Զուտ աչքով նայելով` մեծ բան չի կարելի ասել: Առհասարակ բոլորին է հայտնի, որ Հայաստանում անվտանգության կանոններն ամեն հասարակական կառույցներում, ամեն տեղ չի պահպանվում, հատկապես այն կառույցներում, որոնք ստեղծվել են 30 տարվա ընթացքում` նախկին Խորհրդային Միության ժամանակ այլ գործունեություն իրականացրած շենքերում վերափոխելով, ժամանակակից նորմերին չեն համապատասխանում: Դա նույնիսկ մասնագետ չլինելով հնարավոր է հասկանալ:

Այս շենքին ես ուսումնասիրություն չեմ կատարել, շենքում, ցավոք սրտի, չեմ եղել մինչև պայթյունը, տարածքում եղել եմ, բայց շենքի ներսում չեմ եղել, բայց պիտի հենվենք քաղաքաշինական տեսչական մարմնի արած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած խախտումների վրա:

«Ազատություն». - Որոնք, ի դեպ, չեն շտկվել, կարծես:

Տիգրան Գալստյան. - Իմ համար էլ էր շատ տարօրինակ, որ մեկ տարի առաջ արվել են հետազոտություններ, հայտնաբերվել են խախտումներ, թեև դրանից հետո անմիջապես չի կասեցվել այդ տարածքի գործունեությունը, նաև որ հաշվի առնենք, որ այդ տարածք ամենօրյա բազմաթիվ մարդկանց հոսք կա, որը վտանգավոր էր, այսինքն` կարող էր այս պայթյունը տեղի ունենար, իհարկե, եթե տեղի է ունեցել, ինչպես նախնական վարկածով են հայտարարում, դրա պատճառով է տեղի ունեցել, այդ պայթյունը կարող էր տեղի ունենալ այդ մեկ տարվա ընթացքում կամայական օր, և տարօրինակ է, որ խախտումն արձանագրելուց հետո չի փակվել, և դրանից հետո երկար ժամանակ է տրվել շտկելու, և կրկին ստուգում չի անցկացվել:

«Ազատություն». - Դուք պատասխանատուների ի՞նչ շրջանակ եք տեսնում այս պատմության համար:

Տիգրան Գալստյան. - Քանի որ հայտնի չէ, քննության արդյունքում հասկանալի կլինի, թե ինչն էր ռեալ պատճառը եղել պայթյունի, հրդեհի և հրդեհի արդյունքում առաջացած պայթյունի, դրանից հետո նոր կարելի է ենթադրել, թե ինչն է եղել հիմնական պատճառը, այսինքն` զոհեր կան այնտեղ, և զոհերի համար մեղավորներ կան, մեղավորները պիտի պատժվեն: Հասկանալի է, բայց հիմա այդպիսի կարծիք ասել, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ նույնիսկ այս պահին շարունակվում են մաքրման աշխատանքները, և այս պահին ամենակարևորը` մաքսիմալ արագ իրականացնելն է և անհայտ կորած անձանց, հուսանք, ողջ գտնելը:

«Ազատություն». - Դուք ողջամիտ համարո՞ւմ եք այսպիսի ծանր վերահսկողական աշխատանքը թողնել ընդամենը մի պետական տեսչական մարմնի ուսերին, որը մոտ երկու տասնյակ աշխատակից ունի, իսկ այդ նշանակության օբյեկտները 30 հազար են մոտավորապես:

Տիգրան Գալստյան. - Հայաստանում առհասարակ պիտի փոխվի մոտեցումը, ինչպես իրավական բազմաթիվ երկրներում է, այն մարդիկ, որոնք առնչություն են ունեցել շինարարական աշխատանքներին իրավական երկրներում, գիտեն, որ ինչ կարևոր է այդ նորմերի պահպանությունը: Հայաստանում, իհարկե, որոշակի նորմեր պահպանվում են քաղաքաշինական, կառուցապատման նորմեր, բայց շատ նորմեր կան, որոնց առանձնապես մեծ ուշադրություն չի դարձվում, և հասկանալի է, որ նաև աշխատակիցների քանակի խնդիր կա այդ ամբողջը վերահսկելու, բայց կոնկրետ այս դեպքում եթե հայտնաբերվեն են խախտումներ, և չի կասեցվել, այսինքն` եթե խախտում պիտի անեն, բայց գործունեություն չի կասեցվում, այդ դեպքում նաև այդ խախտումներին լուրջ վերաբերվելու հարց է առաջանում շահագործողների կողմից:

XS
SM
MD
LG