Մատչելիության հղումներ

«Նենց տաք էր օդը, ամեն ինչը, որտեղ կպնում էիր, վառվում էիր». պայթյունից տուժած քաղաքացի


Առևտրի կենտրոնում պայթյունից տուժած Մարտիկ Սարգսյանը հիշում է՝ «պատերազմական ձայներ էին»։ Նա «Սուրմալու»-ում ընդարձակ առևտրի սրահ ուներ՝ կանացի հագուստ էր վաճառում:

«Ես սկզբից մտածում էի՝ կռիվ ա սկսվել, ասի՝ տանկ ա կամ ռակետ ա», - ասաց Սարգսյանը:

Պայթյունի պահին խանութում էին ինքը, կինը, որդին, նաև ընկերը, որ երեխայի հետ եկել էր կնոջ համար հագուստ գնելու: Մարտիկ Սարգսյանը պատմում է՝ հետո հիվանդանոցում իմացավ, որ փրկվել են: Ինքը կարողացել է դուրս գալ փլուզված խանութի դռան վերևում բացված անցքով:

Թե որքան է տևել շտապօգնության մեքենային հասնելը, չի հիշում, հիշում է այն, որ ամենուր եռացող ծուխ էր. - «Նենց տաք էր օդը, ամեն ինչը տաք էր, որտեղ կպնում էիր, վառվում էիր»:

65-ամյա տղամարդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ առաջին երկրորդ և երրորդ կարգի այրվածքներով:

«Այսօր արդեն առաջին աստիճանի այրվածքներն էլ չկան, փառք Աստծո, երկրորդ, երրորդ աստիճանի այրվածքներն ունեն դրական դինամիկա ու հուսով ենք, որ մոտ ապագայում հիվանդին կկարողանանք դուրս գրել», - նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Հռիփսիմե Մովսիսյանը:

7 քաղաքացի շարունակում է բուժումը

Փրկարարները տեղափոխում են պայթյունից տուժած քաղաքացու, 14-ը օգոստոսի, 2022թ.
Փրկարարները տեղափոխում են պայթյունից տուժած քաղաքացու, 14-ը օգոստոսի, 2022թ.

Սուրմալուի աղետից տուժած 7 քաղաքացի շարունակում է բուժումը մայրաքաղաքային տարբեր հիվանդանոցներում: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բոլորի վիճակը բավարար է. պայթյունի օրն ու դրանից հետո 62 տուժածներ էին բուժկենտրոններ դիմել, հիմնական մասն արդեն դուրս է գրվել:

«Շենգավիթ» բուժկենտրոնից երեկ տուն է գնացել ոտքերի այրվածքով ու վիժման վտանգով այստեղ տեղափոխված հղի կինը: Բուժկենտրոնից տեղեկացանք՝ 22 շաբաթական հղիությունն արդեն անվտանգ ընթացք ունի, կինն էլ լավ է:

7 տուժածներից 4-ը այս պահին «Էրեբունի» բուժկենտրոնում են:

«Այս պահի դրությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվում է 4 տուժած, որոնց վիճակը գնահատվում է բավարար, մեկ անձը պատրաստվում է դուրսգրման: Բոլորի վիճակը կայուն է», - ասաց ԲԿ-ի ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը:

«Էրեբունի» բուժկենտրոնի ընդունարանի բաժնի ղեկավարի տեղեկացմամբ՝ իրենց հիմնականում դիմել են վնասվածքներով սալջարդերով տուժածներ. - «Մարմնի տարբեր հատվածներում՝ վերին վերջույթների, ստորին վերջույթների քերծվածքներ, սալջարդեր, ուսահոդի շրջանի սալջարդ, պատռած վերքեր, ողնաշարի կոտրվածք, բայց՝ ոչ լուրջ»:

​2 տուժած տղամարդիկ էլ Թիվ մեկ համալսարանական կլինիկայում են՝ կոտրվածքներ ունեն, վիրահատվել են, ապաքինվում են:

Այս պահին բուժում ստացողների թվում երեխաներ արդեն չկան, կիրակի օրից «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնը 11 փոքրիկի է ընդունել ու տուն ուղարկել:

XS
SM
MD
LG