«Արցախ-Հայաստան նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են ՌԴ խաղաղապահները»․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:

Քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, տեղեկացնումէ Արցախի նախագահի գրասենյակը։

Անդրադառնալով շփման գծում վերջին սրացումներին և Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհի խնդրին՝ Հարությունյանը նշել է, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:

Փաշինյանն իր վերջին առցանց ասուլիսին հայտարարել էր, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին։ Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ի՞նչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երեք տարի էր տրված Հայաստանը Ղարաբաղին կապող նոր միջանցքի նախագիծը համաձայնեցնելու համար: Պատերազմի հաջորդ տարում, սակայն, Բաքուն սկսեց նոր՝ մոտ 30-կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունն ու երեք տարի չանցած հայտարարեց, ոչ թե նախագծի, այլ ճանապարհի իր հատվածի կառուցման ավարտի մասին։ Հայկական կողմը նոր-նոր սկսում է շինարարությունը։

Թեև պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Բաքվի պահանջը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում համարեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն արդեն հստակ հայտարարվել է, որ Աղավնոյի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս Արցախ տանող նոր ուղու հարցը Բաքուն լուծեց իրեն ձեռնտու ժամկետում