Պարզ շանտաժ, պատասխանատվությունից խուսափելու փորձ. գնահատականներ խաղաղապահների վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին

Ռուս խաղաղապահները, արխիվ

Փոխըմբռնման պակաս. իշխանական պատգամավորի գնահատականը հայ ու ռուսական կողմերի հայտարարություններին

Ոչ թե լարվածություն կամ հակասություն, այլ փոխըմբռնման պակաս, վերջին օրերին Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ Երևանից ու Մոսկվայից իրար հաջորդող հայտարարություններն այսպես է մեկնաբանում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Երկու արտգործնախարարություններ իրար հասկանան երևի, կհանդիպեն, կխոսեն, կճշտեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արցախում վերջին լարվածության ֆոնին նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին խոսեց խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու մասին, որին հաջորդեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանը, թե Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները։

Լավրովի այս հայտարարության հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ֆեյսբուքյան էջում՝ «ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին» ընդհանուր այս ձևակերպման տակ գրեց, թե «ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։

Շաբաթ օրվանից մինչև հիմա արտաքին գերատեսչությունը դեռ անպատասխան է թողնում հարցերը, թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը, և արդյոք պաշտոնական Երևանի նշած մտահոգությունները այն նույն առաջարկներն են, որոնց բացակայության մասին խոսում էր Լավրովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մանրամասնում` ինչ մտահոգություններ է ներկայացրել Ռուսաստանին խաղաղապահների մասով

Իշխանական պատգամավորներից ևս հնարավոր չեղավ ճշտել՝ մտահոգությո՞ւն, թե՞ առաջարկներ է հայկական կողմը փոխանցել ռուսականին:

«Եվ Արտաքին գործերի նախարարությունը, չեմ կարծում, որ ցանկացած տեղեկանք պիտի հրապարակի և բովանդակությունը շարադրի: Ասվել է այնքան, ինչքան պիտի ասվի: Ձեր խնդիրն է հավատալ կամ չէ», - հավելեց պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Հայկական կողմի ընտրած լեզուն ամենաարդյունավետը չէ ՌԴ-ի հետ հարաբերություններում. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը «Ազատության» կիրակնօրյա եթերում կարծիք հայտնեց, որ հայկական կողմն ընտրել է «պարզ շանտաժի» լեզուն, որն ամենաարդյունավետը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների դեպքում։

«Տեսեք` ինչ է տեղի ունենում. Հայաստանը մի կողմից հենց որ Ադրբեջանը դառնում է սանձարձակ և գրոհում է Արցախի կամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, նույն օրը պարոն Փաշինյանն անմիջապես հեռախոսը վերցնում, Պուտինին է զանգում, պարոն Արարատ Միրզոյանը հեռախոսը վերցնում, Լավրովին է փնտրում, և մյուս կողմից, այսինքն` հրապարակային այդ շանտաժի լեզուն են օգտագործում: Դա մի լեզու է, որ ռուսների հետ աշխատելու, իմ կարծիքով, լավագույն լեզուն չէ: Այսինքն` երբ մենք ասում ենք` ռուսները լավը չեն, ռուսները պետք է գնան, կամ ռուսները պիտի համալրվեն, մենք պետք է հասկանանք, թե ռուսներին ինչով ենք փոխարինելու: Մենք ուզում ենք ազատվել մի բանից, բայց չունենք դրա փոխարեն դնելու մի այլ բան», - գտնում է Հակոբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի հետ հարցերը նաև դիվանագիտական մակարդակով պետք է կարգավորել. Ստեփան Գրիգորյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «խայտառակ դիվանագիտության» հետևանք է որակում տեղի ունեցածը։ Իսկ հայկական կողմի արձագանքը համարում է «պատասխանատվությունից խուսափելու» փորձ։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` նախ պետք է քննարկել ռուսական զորախմբի թվի ավելացման հարցը

Գեղամ Մանուկյանն ասում է` այդքանից հետո հիմա պարզ չէ նաև, թե ինչպես է հայկական կողմը պատկերացնում խաղաղապահների գործունեության արդյունավետության բարձրացումը։ Փոխարենը Մանուկյանը ներկայացնում է իրենց պատկերացումներն այս հարցում. «Նախ քննարկել ռուսական զորախմբի թվի ավելացման հարցը: Երկրորդը` վերանայել, քննարկել ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին տեղակայման վայրերի ամբողջական պատկերը: Հայելային հետքաշման այդ խայտառակ նախաձեռնությունը, որ եղավ հայկական կողմից, եթե նույնիսկ կյանքի էր կոչվում, պետք է կյանքի կոչվի ամբողջական վերահսկողությամբ, համադրմամբ, կազմակերպվածությամբ, որպեսզի չկրկնվեն այն խայտառակ երևույթները, ինչպես եղավ Փառուխում, և ինչպես օրերս արձանագրվել են նաև Արցախի հյուսիս-արևմտկան հատվածում»:

Ընդդիմադիր պատգամավորը չցանկացավ մեկնաբանել կառավարության վերջին նիստում վարչապետի ակնարկը, թե «եթե ԼՂ շփման գծի անվտանգությունը չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին»։ Մանուկյանն ասում է՝ Փաշինյանի ձևակերպումները հստակ չէին, և դա կարող էր ընդամենը բառախաղ լինել։ Պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե դա իրատեսական ծրագիր է, նկատում է Մանուկյանը։

Մինչ 44-օրյա պատերազմը բանակցային գործընթացում եղել է պայմանավորվածություն, որ խաղաղապահները բազմազգ են լինելու, բայց նոյեմբերի 9-ից հետո Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ու Ամերիկան ողջունեցին հայտարարությունը, ըստ որի` միայն Ռուսաստանն էր իր զորքը Ղարաբաղ մտցնում։ Պատերազմի ընթացքում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին խոսել էր այն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուդենկոն շեշտում է` «պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են վերցրել սկանդինավյան խաղաղապահների գաղափարը»

Վերջերս շվեդ լրագրողն էր հետաքննությամբ պարզել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը 2020 թվականի նոյեմբերի 2-ին շվեդների հետ զրույցում իրոք բարձրացրել է Լեռնային Ղարաբաղ սկանդինավյան առաքելություն ուղարկելու ( կամ ապագայում դրա տեսական հնարավորության) հարցը: Ըստ հետաքննության` առաջարկը, սակայն, մերժվել էր։ Մինչ այսօր տարբեր մակարդակի պաշտոնյաներ ևս նման ակնարկներ հնչեցրել են, բայց դրանք գործնականում որևէ ընթացք չեն ունեցել։