Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի ես հիմա չեմ կարող կռահել», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը հստակեցնելու հրատապ անհրաժեշտության մասին:
«Կողմերից յուրաքանչյուրը, որի պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մենք դեռ դրանք չենք տեսել»,- ասել է Լավրովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։
Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։