Միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղան

Արևմուտքը, ռազմավարական դաշինքները հետևում են հայ-ադրբեջանական նոր լարվածությանն ու կոչ են անում գնալ դեէսկալացիայի ու երկխոսության:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների։

«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։

Եվրամիության իշխանությունները ևս հակամարտող կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության հայտարարության մեջ նշված է. «Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ մասերում: Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և տուժածների»:

Ըստ ԵՄ-ի` անհրաժեշտ է լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղան և դրանց հիման վրա գտնել իրավիճակի կարգավորման ուղիներ:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Լեհաստանի նախագահությունն էլ իր պատրաստակամությունն է հայտնել «աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»:

ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, կոչ է արել «օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», զերծ մնալ ուժի կիրառումից:

Հյուսիսատլանտյան դաշինքն, իր հերթին, լիովին աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք «կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը և բարգավաճմանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է»:

Երկուշաբթի օրվանից Արցախում լարված իրավիճակ է, երեկվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Երեկ շփման գծում իրավիճակն ավելի լարվեց, երբ Բաքուն հաղորդեց մեկ զոհի մասին՝ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ասելով թե «մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։ Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել։

Արցախի պաշտպանության բանակն էլ հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Երեկոյան արդեն հաղորդվեց երկու զոհ,19 վիրավորի մասին։ Այսօր առավոտյան իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: