Մատչելիության հղումներ

Միրզոյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ու նրանց ուշադրությունը հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին»:

Միրզոյանը, ըստ արտգործնախարարության, ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները:

Շաբաթասկզբից Արցախում լարված իրավիճակ է, երեկվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Երեկ շփման գծում իրավիճակն ավելի լարվեց, երբ Բաքուն հաղորդեց մեկ զոհի մասին՝ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել

Նախարար Միրզոյանը նշել է, որ մինչ այդ Ադրբեջանը նամակ է փոխանցել ռուսական խաղաղապահ անձնակազմին` տեղեկացնելով, որ նախատեսում է փոխել Հայաստանը Ղարաբաղին կապող` ներկայումս գործող երթուղին: Ինչպես մինչ այդ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր ասել, Հայաստանի արտգործնախարարը ևս պնդել է, թե դա կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի նոր երթուղու պլանը պետք է համաձայնեցվեր կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) միջև` երեք տարվա ընթացքում, ինչը չի արվել:

Պաշտոնական Երևանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու` հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:

Դեռևս չլուծված խնդիրների շարքում Միրզոյանը նշել է «ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը», «հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պատանդառությունն» ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Ադրբեջանը հաստատում է, որ իր տարածքում միայն 38 ռազմագերի կա, որոնց մեծ մասին ծանր հանցագործությունների համար դատապարտել է մի քանի տարուց մինչև 20 տարվա ազատազրկման։ Բաքուն հրաժարվում է նրանց վերադարձնել՝ պնդելով, թե նրանք ռազմական հանցագործներ են։

XS
SM
MD
LG