Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը կոչ է անում տարաձայնությունները հարթել բացառապես դիվանագիտական ​​մեթոդներով


ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավակցություն հայտնելով զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։

«Կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», - ասված է Զասի հայտարարությունում։

Երկուշաբթի օրվանից Արցախում լարված իրավիճակ է, երեկվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Երեկ շփման գծում իրավիճակն ավելի լարվեց, երբ Բաքուն հաղորդեց մեկ զոհի մասին՝ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ասելով թե «մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։ Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել։

Արցախի պաշտպանության բանակն էլ հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Երեկոյան արդեն հաղորդվեց երկու զոհ,19 վիրավորի մասին։ Այսօր առավոտյան իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան:

XS
SM
MD
LG