Փաստաբանների պնդմամբ՝ Սաակաշվիլին մտադիր է հեռանալ վրացական քաղաքականությունից

Կլքի՞ արդյոք Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքական դաշտը․ ընդամենը մի քանի օր առաջ զուտ հռետորական թվացող այս հարցն այսօր Թբիլիսիում ամենաքննարկվողներից մեկն է։ Պատճառը Սաակաշվիլիի փաստաբանների և հարազատների անցած շաբաթավերջին հնչեցրած անակնկալ հայտարարություններն էին։

«Գլխավոր խնդիրը Միխեիլի առողջական վիճակի բարելավումն է։ Սաակաշվիլիի առողջական վիճակն իրոք շատ ծանր է և այժմ խոսքը նրա կյանքի փրկության մասին է։ Ինձ հետ զրույցում նախկին նախագահն ասաց, որ մտադիր է հեռանալ վրացական քաղաքականությունից և ամբողջությամբ կենտրոնանալ իր առողջության բարելավման վրա», - հայտարարում էր Վրաստանի երրորդ նախագահի փաստաբաններից մեկը՝ Վալերի Գելբախիանին։

Ավելի վաղ, գրեթե նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Սաակաշվիլիի 27-ամյա որդին՝ Էդուարդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի որդին համոզված է՝ իր հայրը Վրաստանում քաղաքական ապագա չունի

«Սաակաշվիլիի դերը վրացական քաղաքականությունում հստակ չէ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որ նա վերադառնա կառավարություն։ Երբ ես այցելում եմ նրան, հայրս միայն ուկրաինական հեռուստաալիքներ է դիտում։ Կարծում եմ, որ նա հասկանում է՝ Ուկրաինայում ինքը կարող է ավելի լավ ապագա ունենալ, քան այստեղ», - Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր Վրաստանի երրորդ նախագահի որդին։

Այս հայտարարությունները Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժման» կողմնակիցների համար սառը ցնցուղի ազդեցություն ունեցան։ Եվ եթե իրենց առաջնորդի որդու հարցազրույցում հնչած մտքերը Սաակաշվիլիի աջակիցները ընդհանրապես գերադասեցին չմեկնաբանել, ապա փաստաբանների հայտարարությունները փորձեցին ներկայացնել որպես զուտ դատավարությանը վերաբերող հերթական հնարք։

«Դա պաշտպանական կողմի ռազմավարությունն է։ Նրանք իրավաբաններ են, իրենց գործն են անում և լավ են անում այդ գործը։ Իսկ Սաակաշվիլին «Ազգային միացյալ շարժման» հիմնադիրն է և շարունակում է մնալ կուսակցության անբաժան մասնիկը», - հայտարարում էր քաղաքական այս ուժի ղեկավար Նիկա Մելիան։

Սաակաշվիլիի քաղաքական և փաստաբանական թիմերից հնչող հայտարարություններում նկատվող նման տարբերությունները որպես իսկական նվեր ընկալեցին իշխող «Վրացական երազանքի» ղեկավարները՝ նույնիսկ կարծիք հայտնելով, թե գործ ունենք ընդդիմադիրների վերջնական թուլացման հետ։

«Ազգային միացյալ շարժման» ֆորմալ ղեկավար Նիկանոր Մելիան բացահայտեց այն մարտավարությունը, որ ընտրել են Սաակաշվիլիի փաստաբանները։ Նրանք պնդում են, թե Սաակաշվիլիին վրացական քաղաքականությունն այլևս չի հետաքրքրում։ Որպես փաստաբաններ նրանց մարտավարական այդ հնարքը հասկանալի է։ Այլ հարց է, թե ինչո՞ւ է Մելիան բացահայտում այդ գաղտնիքը։ Դա վկայում է այն մասին, որ Սակաշվիլիի կուսակցության ներսում լուրջ պառակտում է և բևեռացում», - հայտարարում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով նաև, թե Սաակաշվիլիի վատառողջության մասին խոսակցությունները արդեն հոգնեցրել են վրացական հանրությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանների պնդմամբ, Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Իրականում, սակայն, Սաակաշվիլիի պատշաճ բուժումը արտերկրում կազմակերպելու պահանջը շարունակում է մնալ ԵՄ կողմից Թբիլիսիին ուղղված գլխավոր նախապայմաններից մեկը։ Այդ մասին նախօրեին հիշեցնում էր Վրաստանի նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում այցելելուց հետո։ Ի տարբերություն Սաակաշվիլիի մերձավոր զինակիցների, Վաշաձեն, սակայն, զերծ մնաց նրա՝ քաղաքականությունից հեռանալու փաստը կտրուկ հերքելուց։

«Եթե նա հեռանա քաղաքականությունից, դրանով Վրաստանի պատմության մեջ շատ կարևոր մի էջ կփակվի։ Դա շատ բան կփոխի նաև «Ազգային միացյալ շարժման» համար։ Ինչ վերաբերում է նախկին նախագահի բուժումը արտերկրում շարունակելուն, ապա կարող եմ նշել, որ այժմ բազմաթիվ մարդիկ միջազգային ասպարեզում աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Սաակաշվիլիին հնարավոր լինի տեղափոխել արևմուտքում գտնվող մի որևէ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն», - հայտարարում էր Գրիգոլ Վաշաձեն։

Քաղաքական գործիչներից ոմանց կարծիքով էլ երրորդ նախագահի՝ քաղաքականությունից հեռանալու մասին խոսակցությունները կարող են շատ ավելի խորքային, նույնիսկ ընդդիմության և իշխանությունների միջև գաղտնի պայմանավորվածությունների արդյունք լինել։

«Գնալով ավելի եմ համոզվում, որ իշխանությունների և Սաակաշվիլիի միջև գործարք է կնքվելու՝ Սաակաշվիլին մեկնում է արտերկիր բուժման և այլևս չի խառնվում Վրաստանի ներքաղաքական պրոցեսներին», - հայտարարում էր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին՝ ընդգծելով, սակայն, որ իրադարձությունները նման զարգացումը կարող է նաև դրական դեր խաղալ ընդդիմության համար։

«Սաակաշվիլիի՝ բուժման նպատակով հեռանալը կարող է առողջացնել նաև նրա կուսակցությունը», - պնդում է քաղաքական գործիչը։