Վրաստանի նախկին նախագահ, այժմ բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը», որոշել է դադարեցնել խորհրդարանական աշխատանքի բոյկոտը, որը հայտարարվել է անցյալ տարվա հուլիսին: Այդ մասին հայտնել է կուսակցության խոհրդարանական խմբակցության ղեկավար Խատիա Դեկանոիձեն:
«Դեռ անցած շաբաթ օրը մենք որոշել ենք դադարեցնել բոյկոտը և մասնակցել խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքին»,- ասել է Դեկանոիձեն:
«Ազգային միացյալ շարժումը» Վրաստանի 150-տեղանոց խոհրդարանում ունի 30 մանդատ:
Կուսակցությունը 2021 թվականի ամռանը բոյկոտ է հայտարարել այն բանից հետո, երբ «ավանդական արժեքների ջատագովների մի խումբ հարձակվել և ծեծի է ենթարկել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների ցույցը լուսաբանելուն պատրաստվող լրագրողներին»:
«Ազգային միացյալ շարժումը» դատապարտում է կուսակցության լիդերի բանտարկումը և պահանջում է նրան անհապազ ազատ արձակել:
Սաակաշվիլին ձերբակալվել է անցյալ տարվա աշնանը՝ ՏԻՄ ընտրությունների նախօրեին Վրաստան վերադառնալուց հետո:
Նա պնդել է, թե ընդդիմությունը կհաղթի տեղական ընտրություններում և դրանից հետո իշխանություններին հրաժարական կպարտադրի, սակայն իշխող «Վրացական երազանքը» հաղթել է ընտրատեղամասերի մեծ մասում:
Սաակաշվիլին հայրենիքում մեղադրվում է մի շարք գործերով, որոնցից երկուսով հեռակա կարգով ժամանակին դատապարտվել է 3 և 6 տարվա ազատազրկման: