44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատները կառավարությունից պատասխան են պահանջում` ի՞նչ են արել իրենց որդիներին, եղբայրներին գտնելու համար: Պատերազմից մոտ երկու տարի անցել է, լուր չունեն նրանցից:
«Շուտով երկու տարին է լրանում, գոնե մի լուր ստանանք, մի բարի լուր», - «Ազատության» հետ զրույցում ասաց ծնողներից մեկը. «Տարի 9 ամիս է, ի՞նչ եք արել, ամեն անգամ ասում են` մենք զբաղվում ենք, դե արդյունքը ցույց տվեք»:
«Մենք անընդհատ տարբեր կառույցների ենք դիմել, լիքը կառույցների մոտ ենք եղել, բայց ոչ մեկը մեզ սպառիչ պատասխան չի տվել, մենք մինչև այսօր ոչ մի լուր ու տեղեկություն չունենք մեր տղաներից: Կարծես, բոլորը մոռացել են մեր տղաների մասին, մեր ընտանիքների մասին», - հավելեց հարազատներից մյուսը. «Էլ չգիտենք` ում դիմենք, ումից պատասխան ստանանք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «10-15 րոպե էլ չի տևել, էրեխեքին մաղել են, ով փախել ա, ով ընկել ա գերի»Կառավարության մոտ այսօր հավաքվել էին հիմնականում էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք պնդում են՝ իրենց որդիները, եղբայրները ողջ են, ադրբեջանական ալիքներով են տեսել գերեվարվածների շարքերում, բայց պաշտոնապես անհետ կորած են համարվում, ենթադրյալ գերի. «Տեսանյութը տեսել եմ, որդիս կարմիր վարատնիկով, երեք տեսանյութ ունենք, մեր բալաները ողջ են»:
Այս զորամասի զինծառայողները ադրբեջանական փակուղում են հայտնվել Զանգելանում հոկտեմբերի 21-ին։ Ծնողները պատմում են, որ զինվորները հրաման են ստացել Կապանից տեղափոխվել Զանգելան, երբ այս տարածքն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել։ Այս գործը դատարանում է այս տարվա մայիսից: Մեղադրյալ են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատարը, զորամասի շտաբի պետն ու համալրման բաժանմունքի պետը։
Ալլա Փիրումյանն ձգձվող նիստերից ու դատավարությունից ակնկալիք չունի, իր որդուն է պահանջում:
«Մեզ չի հետաքրքրում նրա դատվելը-չդատվելը, մեզ հետաքրքրում է մեր բալաների վերադարձը», - ասաց Փիրումյանը։
Ծնողներից մեկն էլ հավելեց․ «Սաղ երկրորդական է, մեզ պետք է, որ տղաները գան, առաջինը թող տղաներին բերեն, հետո թող անցնեն Մակարյանին, եթե մեղավոր է, թող պատժեն օրենքի ամբողջ խստությամբ»։
Ըստ մեղադրանքի` գեներալ Մակարյանը, որ Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ հրամանատար Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետևանքով Աբգարյանի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհետ կորած են։
«Տարավ ու հանձնեց, վերջում էլ հեռախոսազանգ է ստացել, ապրանքը, ոնց պայմանավորվել ենք, տեղ եմ հասցրել: Խի՞ մեր երեխեքը ապրանք էին, հավի ճուտ էին, տարար, հանձնիր թշնամուն», - ասում է ներկաներից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ն չի կարող օգնել Մամիջանյանին Ադրբեջանի Մեջլիսին նամակ փոխանցել. պատգամավորն ասում է` այլ տարբերակ կգտնենՎարչապետի հետ հանդիպումներ շատ են եղել, ծնողներն ասում են՝ խոստումների պակաս էլ չի եղել, թե ջանք չեն խնայում, բայց ապարդյուն։ Շատերը բոլոր դիահերձարաններով են անցել, մասունքների մեջ փնտրել իրենց հարազատներին, բայց անօգուտ։ Անուշիկ Հովհաննիսյանը համոզված է՝ եղբայրը Բաքվում է, Ալլա Փիրումյանն էլ կասկած չունի, որդին ողջերի մեջ է. «Մենք ունենք անհերքելի ապացույցներ, տեսանյութեր, որն անգամ Ադրբեջանի լրատվական ալիքն է ցուցադրել, որտեղ շատ պարզ երևում են մեր տղաները»:
Ժաննա Հայրապետյանի որդին քիմիկների զորամասից չէ, Ջաբրայիլում է անհետացել։ Վերջին անգամ հոկտեմբերի 13-ին է որդու հետ խոսել։ Որդուն զոհվածների մասունքների մեջ էլ է փնտրել, չի գտել, նա էլ է կարծում, թե տղան գերեվարված է. «Սպասում ենք, բայց բավական է, բաժակը լցվել է, մեր երեխաները մեր օգնության կարիքն ունեն, մեր ղեկավարությունը որ վերջապես արթնանա»:
Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան մոտ մեկ ժամ տևեց։ Նրանց ոչ մի պաշտոնյա չհանդիպեց կառավարությունից։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմից մոտ երկու տարի անց դեռ 203 հոգի անհետ կորած է համարվում, գերիների թիվը, ըստ Բաքվի, 38 է։ Հայաստանցի իրավապաշտպանների պնդմամբ գերիների թիվը մեծ է։