Մատչելիության հղումներ

Դատարանի առջև կանգնեց առայժմ միակ բարձրաստիճան զինվորականը 44-օրյա պատերազմին առնչվող գործով


44-օրյա պատերազմից մեկ տարի անց Դատախազությունը դատարան է ուղարկել միայն մեկ բարձրաստիճան զինվորականին առնչվող գործ։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ մյուս նմանատիպ գործերը դեռ նախաքննության փուլում են։

Բարձրաստիճան զինվորականը զորամասի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Վերանյանն է, որ մեղքը չի ընդունում։ Նրա դատավարությունն արդեն սկսվել է։ Փոխգնդապետը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։ Ըստ քրեական գործի, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին 18 զինծառայող է զոհվել անօդաչու թռչող սարքի հարվածից՝ հրամանատարի տեղակալի սխալ հրամանի պատճառով։

Զոհվածների հարազատները, որ մասնակցում էին այսօրվա նիստին, չցանկացան նկարահանվել, ավելին՝ նրանք կողմ են, որ դատավարությունը դռնփակ անցկացվի։ Դատավոր Դավիթ Հարությունյանը մի քանի հարց տվեց ամբաստանյալին, որը շարունակում է աշխատել Զինված ուժերում։

Վերանյանի փաստաբան Նորայր Նորիկյանը նախ ցավակցեց զոհերի հարազատներին, ապա դատավորին հայտնեց, որ իր պաշտպանյալի մասին դրական բնութագիր է տվել Զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ «Բոլոր զինծառայողների հարազատներին խնդրում եմ մեկ անգամ ևս ընդունել իմ խորին ցավակցությունները», - ասաց փաստաբանը՝ հավելելով․ - «Ես կարծում եմ, որ նրանց լուսավոր հիշատակը վառ պահելուն ուղղված պետք է լինի այս քրեական գործով օբյեկտիվ, անաչառ արդարադատությունը՝ ճշմարտությունը բացահայտելու համար»։

Զոհված զինվորների հարազատները, սակայն, դատավորին միջնորդեցին կալանքի տակ առնել Վերանյանին։ Նախաքննության սկզբում հրամանատարի տեղակալը կալանավորված է եղել, սակայն դատարանը ազատ է արձակել նրան չբացակայելու ստորագրության դիմաց։

Զինվորներից մեկի ծնողը հայտարարեց՝ ազատության մեջ ծառայությունը շարունակող փոխգնդապետը խոչընդոտում է գործի քննությանը․ - «Միջնորդում ենք, որ կալանքի վերցնեք, քանի որ ինքը ազատության մեջ կարող է խոչընդոտել ամեն ինչին ու խոչընդոտում է»։

Անդրանիկ Վերանյանին մեղսագրվող հոդվածով նախատեսված է 7-ից 13 տարի ժամկետով ազատազրկում։

Շուրջ մեկ տարի Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող 2 հազարից ավելի պատերազմական գործերից ավելի քան չորս տասնյակն արդեն ուղարկվել է դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։ Դատավճիռներ կան 6 քրեական գործերով, որոնցի 5-ն առնչվում է պատերազմի մասնակիցների կողմից ապօրինի զենքի տեղափոխմանը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար։ Նրանցից ամենաբարձրաստիճանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն է։

Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։

XS
SM
MD
LG