Զինված ուժերի գխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշյալ հոդվածի տվյալ մասով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է սահմանված ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:
Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Մարտի սկզբին բարձրաստիճան զինվորականի պաշտպանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ գեներալը մեղադրվում է անփութության համար, սակայն չէր հայտնել, թե ՔՕ որ հոդվածով։