Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված անգործություն ցուցաբերելու մեղադրանքը անհայտ կորած զինվորների ծնողները բավարար խիստ չեն համարում։
Անունը չբացահայտելու պայմանով մեզ հետ զրուցած ծնողներից մեկը պնդում է, որ Մակարյանին սպառնացող 7-13 տարվա ազատազրկումը համարժեք պատիժ չի լինելու, քանի որ դեռ բացահայտման ենթակա այլ հանգամանքներ կան։
Ըստ Քննչական կոմիտեի, Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու գեներալ Մակարյանը իր ենթակայությամբ գործող և շրջափակման մեջ ընկած խմբի մի մասին օգնության շտապելու փոխարեն «իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք»։
Ըստ նախաքննական մարմնի, Մակարյանի այս գործողության հետևանքով «շրջափակման մեջ հայտնված 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են,12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է»:
44-օրյա պատերազմի օրերին բանակի հիմնական ղեկավարներից մեկը հանդիսացած Մակարյանի գործով նախաքննության ավարտի մասին հայտարարվեց երեկ երեկոյան։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն, ինչից հետո կուղարկվի դատաքննության:
Գործով տուժող ճանաչված Տիգրան Ադոյանը, ում որդին ևս անհայտ կորածների ցանկում է առավել մտահոգված է այն դրվագով, որ գործը կարող է ուղարկվել Սյունիքի մարզի դատարան. - «Իրանք տանում են Ղափան քցեն գործը, որ ոչ մեկ չկարեն էթա, որ իրանք կոծկեն էդ գործը։ Բայց տենց չի լինի, պիտի պայքարենք, որ էդ գործը բերեն Երևանում դատեն»։
Դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, որ այս փուլում նոր միայն մեղադրական եզրակացությունն է ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։
Մակարյանի կամ նրա փաստաբան Ամրամ Մակինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ավելի վաղ փաստաբանը «Ազատությանը» փոխանցել էր գեներալը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. - «Մեղադրանքը պարոն Մակարյանը գնահատում է որպես բացարձակ անհեթեթ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»։
Անհայտ կորած զինծառայողների ծնողները պատերազմից անմիջապես հետո՝ 2020 դեկտմեբերից արդեն բողոքի ակցիաներ էին իրականացնում և պատմում այն ամենը, ինչ այժմ գրված է մեղադրական եզրակացության մեջ։ Պահանջում էին անհապաղ որոնողական աշխատանքեր իրականացնել և գտնել իրենց զավակներին։
Ծնողները այսօր տարակուսած են. եթե իրավապահներին որևէ նոր բան բացահայտել չի հաջողվել, ինչո՞ւ շուրջ 2 տարի պահանջվեց նախաքննական մարմնից գործն ավարտին հասցնելու համար։
Չնայած ամիսներ շարունակ ծնողների բողոքներին՝ Անդրանիկ Մակարյանին ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ- գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց միայն պատերազմից ավարտից մոտ մեկ ու կես տարի անց՝ 2022-ի փետրվարի 24 -ին։ Նա այն սակավաթիվ բարձրաստիճան զինվորականներից էր, որ հրաժարվել էր միանալ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ չորս տասնյակից ավելի զինվորականների հայտնի հայտարարությանը։