Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ՝ նշելով, թե տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Իլհամ Ալիևի հետ զրույցներում Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օժանդակությունն է առաջարկել հայ-ադրբեջանական հաղորդակցական ուղիների վերաբացման գործում։ Ողջունել է Թբիլիսիում վերջերս կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Փաշինյանի հետ զրույցից հետո պետքարտուղության խոսնակ Նեդ Փրայսը նաև հայտնել է.- «Բլինքենը նաև վերահաստատեց աջակցությունը ԵՄ միջնորդությամբ ընթացող արդյունավետ քննարկումներին և նշեց, որ 1994- ից Միացյալ նահանգները եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և պատրաստ է տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ ներգրավվելով երկկողմ ձևաչափով և նույնկերպ մտածող գործընկերների հետ»։
Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը նաև ողջունել է նրան՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների կապակցությամբ, իսկ Ադրբեջանի նախագահին կոչ է արել ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»։
Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը։
Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Թբիլիսիում կայացած հանդիպումը Ալիևը բնորոշել է որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին քայլ, և որ Բաքուն արդեն իսկ ձևավորել է պայմանագրի նախապատրաստման համար անհրաժեշտ համապատասխան հանձնաժողովը և ակնկալում է, որ նույնը կանի Երևանը։
Վերլուծաբանները թերահավատ են, որ առաջիկայում Երևանն ու Բաքուն հաշտության համաձայնագիր կկնքեն
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններում Միացյալ Նահանգների, Եվրամիության դիվանագիտության գլխավոր նպատակն է լիցքաթափել իրավիճակը, խոչընդոտել նոր պատերազմի բռնկումը, և այդ նպատակով հարկավոր են ինչ-որ բանակցություններ՝ ցանկալի է որոշակի արդյունքով։
«Չեմ կարծում, որ անգամ առաջիկա տարիներին [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] հնարավոր է ինչ-որ ընդհանուր խաղաղ կարգավորում։ Բայց գտնում եմ, որ առաջիկայում (սա չի նշանակում մեկ ամսից) այս ակտիվության արդյունքում ինչ-որ տեղաշարժեր, արդյունքներ հնարավոր են։ Շատ ցուցիչներ կան, որ վկայում են այդ մասին։ Օրինակ, Թուրքիայի կողմում հայ-թուրքական սահմանի ականազերծումը, որն այսօր ընթանում է», - նշեց Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Բլինքենի խոսքերին, ըստ քաղաքագետի, այն առնվազն երկու իմաստ ունի՝ նախ, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, Մինսկի խմբի ձևաչափը մահացած չէ։ Երկրորդ, զուգահեռաբար տարբեր հարթակներ են փորձարկվում՝ հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու համար։
«Կա թուրքական կողմի առաջարկած «3+3» ձևաչափը։ Կա ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափը, որը ռուսներն են առաջ տանում։ Տարբերակ կա՝ ներկայում ընդհանրապես չմտածել հակամարտության կարգավորման մասին, այլ զբաղվել ուրիշ հարցերով՝ ճանապարհներով, սահմաններով։ Կա Եվրամության տարբերակը, որը քննարկման հարթակ է առաջարկում։ Սեղանին առկա տարբերակներից մեկը հինն է՝ մինսկյան գործընթացը։ Այն վերջնականապես մահացած չէ։ Կան մարդիկ, որոնք աշխատավարձ են ստանում, կան գրասենյակներ, պաշտոնյաներ, որոնց գումարներ են հատկացնում ուղևորությունների համար։ Նրանք տարածաշրջան են այցելում, հանդիպում են միմյանց։ Ասել, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] ձևաչափը գործուն է, դժվար է։ Բայց այս ձևաչափը վերջնականապես մահացած չէ, չի հայտարարվել, որ այն փակվել է», - ընդգծեց Իսկանդարյանը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նույնպես թերահավատ է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաշտության համաձայնագիր ստորագրել։
«Որովհետև Ադրբեջանի պահանջները այս գործընթացում այնքան մաքսիմալիստական են, որ Հայաստանի որևէ իշխանություն պարզապես ի վիճակի չի լինելու նմանատիպ փաստաթուղթ ստորագրել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում դա քաղաքականապես հնարավոր չէ, ինչքան էլ չվախեցնեն հասարակությանը պատերազմով, բայց գիտենք, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը պատկերացնում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ առնչություն ունեցող որևէ հարցի ներառման: Այսինքն՝ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, կարգավիճակի հարց չի կարող քննարկվել նույնիսկ Ադրբեջանի կազմում: Այս պարագայում ակնկալել, որ ինչ-որ լուրջ առաջընթաց կլինի, կարծում եմ, իրատեսական չէ», - ընդգծեց քաղաքագետը:
Գրիգորյանի խոսքով, մյուս կողմից դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն իրականում կողմ է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, որից հետո տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունը կարող է իմաստազրկվել։