Մատչելիության հղումներ

Միրզոյանը վերահաստատել է՝ տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը


Այսօր Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

ԱԳ նախարարները քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։

Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

Այս թեմայով առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG