Խամենեին «ընդամենը արձագանքեց Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարություններին». Քոչինյան

Հայ-իրանական սահմանի անցակետի կարգո տերմինալը, արխիվ

Սյունիքով անցնող միջանցքի հարցը մնում է օրակարգում, ինչի պատճառով էլ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդն անդրադարձել է այդ թեմային և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումներում, ասում է քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը։

Երեկ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում իր նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Ի թիվս այլ հարցերի Իրանի առաջնորդն անդրադարձել է նաև «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»` հայտարարելով, որ «եթե նման քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան»։ «Այդ սահմանը երկար տարիների միջանցք է»,- IRNA պետական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Խամենեին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է՝ Թեհրանը կընդդիմանա Իրան-Հայաստան սահմանի հնարավոր փակմանը

Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Իրանի հոգևոր առաջնորդը կրկնել է գրեթե նույնը՝ նշելով, որ «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում. Խամենեին՝ Պուտինին

«Իրանը, ըստ էության, արձագանքել է թուրքական հայտարարություններին, կամ թուրքական մեկնաբանություններին՝ կապված միջանցքի իրե՛նց պատկերացման հետ, որը, ըստ իս, հեռու է կատարման իրականությունից: Նա ընդամենը արձագանքեց Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչինյանը:

Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյան, արխիվ

Վերջին անգամ թուրքական կողմից միջանցքի թեմային անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հունիսի վերջին Բաքվում նա կրկին կոչ է արել բացել «Զանգեզուրի միջանցքը»։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այն պետք է միմյանց կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», - ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն կոչ է արել բացել «Զանգեզուրի միջանցքը»

Հայ-իրանական սահմանը կարևոր տնտեսական ու անվտանգային նշանակություն ունի Իրանի համար, ասում է քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը, ավելացնելով, սակայն, որ Թեհրանը խնդրահարույց չի համար ճանապարհների ապաշրջափակումը, իսկ անհանգստությունը վերաբերում է էքստերիտորիալության (արտատարածքային) սկզբունքով՝ երկրի ինքնավարությունը խախտող միջանցքին։

«Չեմ կարծում, թե Իրանը շատ լուրջ խնդիր ունի միջանցքի հետ կապված, եթե այդ միջանցքը չի պարունակում էքստերիտորիալության սկզբունք և որևէ կերպ վտանգի տակ չի դնում Իրանի ճանապարհը Սյունիքով, Հայաստանով դեպի Սև ծով: Սա, ըստ էության, Իրանի արձագանքն է իր հետաքրքրությունների գոտում առկա ճանապարհի ապագայի վերաբերյալ», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Քոչինյանը նաև չի կարծում, թե էքստերիտորիալության սկզբունքով միջանցքի հարցը հիմա դրված է բանակցային սեղանին։

Թեհրանում երեք առաջնորդների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Պուտինը հիշեցրել է, որ Կասպյան համաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ, և ասել. - «Մենք շատ մեծ օրակարգ ունենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ու Պուտինը Թեհրանում քննարկել են նաև ղարաբաղյան կարգավորումը