Էրդողանն ու Պուտինը Թեհրանում քննարկել են նաև ղարաբաղյան կարգավորումը

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Թեհրանում, 19-ը հուլիսի, 2022թ.

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Մինչ առանձնազրույցը Պուտինն ասել է, որ «մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ևս մեկ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այաթոլա Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը

Նա հիշեցել է, որ Կասպյան համաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, և ասել, որ «մենք շատ մեծ օրակարգ ունենք»։

Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվող օրակարգի մասին Պուտինն ասել է, որ շատ հարցեր կան սիրիական կարգավորման հետ կապված: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների մասին նշել է, որ երկկողմ հեռանկարային խոշոր ծրագրերն առաջ են շարժվում և զարգանում են։

Թուրքական Anadolu գործակալությունն առանձնացնում է Էրդողանի խոսքերն ուկրաինական ցորենի արտահանման հետ կապված։ Նա ասել է, որ Ստամբուլի վերջին հանդիպումներում ռուսական պատվիրակությունը շատ պոզիտիվ մոտեցում է ցուցաբերել: «Արդյունքը, որը մենք կստանանք, դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի համար», - նշել է Էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը դրական են գնահատում ուկրաինական ցորենի դուրսբերման հարցով ստամբուլյան հանդիպումը

Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպման մասին հայտարարությունում ասվում է, որ քննարկվել են շատ բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ներառյալ՝ էներգետիկայի, տրանզիտի և առևտրի ոլորտները։

Պուտինը և Ռաիսին քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։

Պուտինը և Էրդողանը Թեհրան են այցելել Իրանի նախագահի հետ «Աստանայի ձևաչափով» Սիրիայի խնդիրները քննարկելու համար։

Եռակողմ գագաթնաժողովում Էրդողանն ասել է, որ Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումները պետք է Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր հետ քաշվեն։

Նա հայտարարել է, որ Թուրքիան չի կարող հաշտվել քրդական խմբավորումների ներկայության հետ։ Նրա խոսքով՝ այդ «ահաբեկչական կազմակերպությունները» շարունակում են իրենց անջատողական քաղաքականությունը Սիրիայի և Թուրքիայի տարածքներում։ Թուրքիան չի կարող հեռու մնալ նրանց գործունեությունից, չի կարող չնկատել այն վտանգավոր խարխլող անջատողական գործունեությունը, որը նրանք վարում են Թուրքիայի սահմաններին։ «Եկել է ժամանակը, երբ մենք պետք է մաքրենք այդ տարածքները անջատականների ու ահաբեկիչների սպառնալիքներից», - ասել է Էրդողանը։

Պուտինը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է Սիրիան մասնատելու փորձերի մեջ, ասելով, թե նրանք ամեն կերպ խրախուսում են անջատողական ձգտումները Սիրիայի առանձին շրջաններում։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կարևոր է, որ իրենց եռակողմ ձևաչափով լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն այդ շրջանները Սիրիայի օրինական կառավարության վերահսկողությանը վերադարձնելու համար։