Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Թեհրանում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ուկրաինական հացահատիկի արտահանման, բեռնափոխադրումների ապաշրջափակման ծրագրի հարցը, ասել է ՌԴ նախագահի խորհրդականը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև քննարկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։
Նախատեսվում է, որ Ռուսաստանի նախագահը կմեկնի Թեհրան՝ հանդիպելու Թուրքիայի և Իրանի նախագահների հետ Սիրիայի հարցով բանակցությունների «Աստանայի ձևաչափի» շրջանակում, անցած շաբաթ հայտնել էր Կրեմլը:
Ռեջեփ Էրդողանից և Էբրահիմ Ռաիսիից բացի, Վլադիմիր Պուտինն իր այցի ընթացքում կհանդիպի նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ: «Խամենեիի հետ շփումը շատ կարևոր է», - Մոսկվայում լրագրողներին ասել է Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը։ - «Նրանց միջև ձևավորվել է վստահելի երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ»։ Ուշակովի խոսքով՝ հարցերի մեծ մասում երկու երկրների դիրքորոշումները «մոտ են կամ նմանատիպ»:
Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է նախկին Խորհրդային Միությունից դուրս գտնվող երկիր փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր: