Մատչելիության հղումներ

Կողմերը դրական են գնահատում ուկրաինական ցորենի դուրսբերման հարցով ստամբուլյան հանդիպումը


Ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը Ստամբուլում։ 13-ը հուլիսի, 2022։
Ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը Ստամբուլում։ 13-ը հուլիսի, 2022։

Սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական ցորենի դուրսբերման հարցով ստամբուլյան հանդիպումը դրական արդյունք է տվել, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Երեկ Ստամբուլում ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հացահատիկի միջանցքի հարցով հանդիպումից հետո Հուլուսի Աքարը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք տեխնիկական ու տակտիկական հարցերի շուրջ. - «Համաձայնություն է կայացվել Ստամբուլում ստեղծել համատեղ կորդինացիոն կենտրոն, միասին վերահսկել նավահանգիստների ելքն ու մուտքը և ապահովել ցորեն և այլ պարեն տեղափոխող նավերի անվտանգ երթևեկությունը: Տեսնում ենք, որ կողմերը պատրաստակամ են խնդրի լուծման հարցում: Հուսով ենք, որ ՄԱԿ-ի համակարգմամբ աշխատելու ենք արդյունքի հասնել»:

Հուլուսի Աքար
Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ հաջորդ շաբաթ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ վերստին քննարկելու բոլոր մանրամասները և ստորագրելու համաձայնությունը: Աքարը ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը հացահատիկի ճգնաժամի հաղթահարման համար:

Անտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշ

Ստամբուլյան բանակցությունները ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիո Գուտերեշը արդունավետ է որակել երեկվա հանդիպումը, ասել է, որ կողմերը քայլ առաջ են արել Սև ծովով ուկրաինական ցորենի և պարենամթերքի անվտանգ արտահանման հարցում: Նա ասել է՝ վերջապես հույս կա գլոբալ ճգնաժամը հաղթահարելու և համաշխարհային սովը կանխելու համար. - «Այժմ տեխնիկական լրացուցիչ աշխատանք է պետք տանել այսօրվա բանակցությունների առաջընթացը իրագործելու համար: Բայց պահը հստակ է: Ի վերջո, բոլոր կողմերի նպատակը ոչ թե միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնությունն է, այլ համաձայնություն ողջ աշխարհի համար: Այսօր կարևոր և բովանդակալի քայլ է արվել համապարփակ համաձայնությանն ընդառաջ»:

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Քառակողմ հանդիպման արդյունքների մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը մեծ ջանքեր է գործադրում ռուսական կողմից արգելափակված ուկրաինական հացահատիկը կրկին միջազգային շուկա արտահանելու համար. - «Եթե Սև ծովում նավագնացության համար ռուսական սպառնալիքը վերանա, գլոբալ պարենային ճգնաժամը կթեթևանա: Ուկրաինական պատվիրակությունը ինձ զեկուցել է, որ առաջընթաց կա: Առաջիկա օրերին մենք կհամաձայնեցնենք մանրամասները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ»:

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ևս հաստատել է, որ քառակողմ հանդիպմանը փոխըմբռման են հասել որոշ հարցերի վերաբերյալ. - «Իսկապես, առարկայական քննարկում է կայացել այս խնդրի շուրջ: Հաջողվել է ձևակերպել հնարավոր համաձայնագրի որոշ տարրեր, որոնք այժմ քննարկում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունները իրենց մայրաքաղաքներում: Այնուհետև շփումները շարունակվելու են նույն ձևաչափով»:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն էլ պնդել է, թե Մոսկվան չի խոչընդոտում ուկրաինական ցորենի դուրսբերմանը, և հենց Կիևը պետք է ականազերծի իր վերահսկողության տակ գտնվող նավահանգիստները:

Ռուս-ուկրաինական պատերազմը միջազգային օրակարգ բերեց պարենային ճգնաժամի հարցը, քանի որ միլիոնավոր տոննա հացահատիկ արգելափակված է ուկրաինական նավահանգիստներում և չի կարող հասնել համաշխարհային շուկա: Մոսկվան ու Կիևը երկխոսության չեն գնում պատերազմը դադարեցնելու շուրջ, բայց հացահատիկի հարցով համաձայնել են բանակցային սեղանի շուրջ նստել՝ ՄԱԿ-ի հորդորով և Անկարայի միջնորդությամբ: Երեկվա ստամբուլյան հանդիպումից հետո հույս կա, որ հացահատիկի ծովային միջանցքը շուտով կբացվի:

Մինչ այդ, գյուղացիները հավաքում են 2022 թվականի հացահատիկի բերքը: Հուլիս-նոյեմբեր ամիսները ամենաակտիվ շրջանն է ցորենի արտահանողների համար: Հաջորդ տարվա բերքը ևս վտանգված է, քանի որ Ուրաինայում բոլոր ամբարները լցված են արտահանման դադարեցման պատճառով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG