Ազգային ժողովում բնականոն աշխատանքները վերականգնված են, իսկ մանդատներից զրկելու միջնորդության չներկայացնելու առումով էլ իշխանությունը շարժվել է քաղաքական շրջահայացության սկզբունքով, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու հարցով իշխանությունը Սահմանադրական դատարան չի դիմի։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով` եթե ընդդիմությունը շարունակի այս պահվածքը նաև աշնանը, հնարավոր է «ավելի խիստ վերաբերվեն»:
Զրույցից ներկայացնում ենք հատված.
«Ազատություն». - Ինչո՞ւ չեք դիմում Սահմանադրական դատարան` ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով: Արդյոք որպես քաղաքական մեծամասնություն` դուք հանրության առջև պատասխանատո՞ւ չեք, որ վերականգնվի խորհրդարանի բնականոն աշխատանքը:
Արթուր Հովհաննիսյան. - Այո, և հենց այդ հիմքից ելնելով էլ մենք, ըստ էության, այս պահին չենք դիմում Սահմանադրական դատարան միջնորդությամբ մանդատներից զրկելու հարցը քննարկելու համար: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը և Ազգային ժողովում աշխատանքների վերականգնմանը, ապա, ըստ էության, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում կայացրեց հետ կանչել Ազգային ժողովի փոխնախագահին և Տնտեսական հանձնաժողովի նախագահին հենց այդ նպատակով, որպեսզի վերականգնվեն բնականոն աշխատանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովը Սաղաթելյանին և Հակոբյանին հեռացրեց պաշտոններիցԴուք տեսաք, որ հետո շղթայաբար այլ հանձնաժողովի ղեկավարներ, նաև ղեկավարի տեղակալներ լքեցին իրենց պաշտոնները, և սա դրական է, ըստ էության պետք է դրականորեն սրան վերաբերվել, որովհետև դրա շնորհիվ իրապես վերականգնվեցին Ազգային ժողովի բնականոն աշխատանքները, որովհետև այս մարդիկ իրենց տեղերում, որտեղ հստակ ադմինիստրատիվ աշխատանք կա իրականացնելու, միջազգային նաև կառույցների հետ համագործակցություն կա և այլն, չէին իրականացնում իրենց լիազորությունները: Եվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահները, ըստ էության, չունենալով արտոնություններ, կատարում էին նրանց բաժին աշխատանքը, և հիմա այս մասով մենք կարող ենք վստահորեն ասել, որ Ազգային ժողովում բնականոն աշխատանքները վերականգնված են:
Իսկ արդեն մանդատներից զրկելու միջնորդության չներկայացնելու առումով էլ շարժվել ենք քաղաքական շրջահայացության սկզբունքով, որովհետև մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեզ ընտրող քաղաքացիների առջև, այլև ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների առջև, և նաև մենք չենք ուզում փրկօղակ նետել ընդդիմությանը ԱԺ-ից, այսպես ասած, փախչելու համար, որովհետև մենք կարծում ենք նաև, որ մանդատներից զրկելու այս գործընթացը շատ լավ հնարավորություն էր ընդդիմության համար դուրս գալու, փախչելու Ազգային ժողովից, դիրքավորվելու որպես հալածված ընդդիմություն:
Բայց մենք ասում ենք, որ հարգելի՛ ընդդիմություն, դուք ստանձնել եք ՀՀ քաղաքացիների քվեն, ինչի համար ստանում եք աշխատավարձ, դուք հստակ նախընտրական ծրագրով գնացել եք ընտրությունների, հաջորդ պահից սկսած չեք սպասարկել ձեր ընդդիմադիր մանդատը, ըստ էության, գողացել եք այդ ընդդիմադիր մանդատը, հնարավորություն չեք տալիս ձեզ ընտրողներին մասնակցելու կարևորագույն գործընթացներին` դատախազի ընտրություն, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, նախագահի ընտրություն, դատական համակարգի ներկայացուցիչների ընտրություններ, մի շարք կարևոր փաթեթների քննարկումներ, օրինակ` երեկ Ընտրական օրենսգրքի քննարկումներ: Եվ մենք այս ճանապարհով կարող եմ ասել, որ փորձում ենք հնարավորություն ստեղծել ընդդիմության համար` վերադառնալու և հաջորդ նստաշրջանից ի վեր սպասարկելու իրենց քվե տված քաղաքացիների շահերը և աշխատելու նրանց, ՀՀ համար, հանրային բարիք ստեղծելու համար:
«Ազատություն». - Քանի որ կարծես, արդեն ակնարկում են, որ չեն վերադառնալու կամ վերադառնալու են իրենց օրակարգով, դուք հակվա՞ծ եք ավարտին հասցնել այս գործն աշնանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքացիական պայմանագիրը» չի սկսի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց
Արթուր Հովհաննիսյան. - Նախ վերադառնալ իրենց օրակարգով արտահայտությունն ինձ համար անհասկանալի է, այսինքն` դու կամ վերադառնում ես Ազգային ժողով, կամ չես վերադառնում, Ազգային ժողովն ունենում է մեկ օրակարգ, եթե մեծամասնությունն` այս դեպքում մենք, մասնակցում ենք օրինակ` նիստին, ստացվում է, որ Ազգային ժողովն ունենում է օրակարգ, մենք քննարկում ենք այդ օրակարգը և շարժվում ենք առաջ, այսինքն` սա ինչ-որ մանկամտության նմանվող բան է` մենք կգանք, բայց մեր օրակարգով, մենք եկել ենք, բայց չենք եկել, մենք կգանք, բայց չենք գա, այսինքն` սա բառախաղ է ուղղակի, որի տակ որևէ քաղաքական միտք չկա:
Իսկ ինչ վերաբերում է, թե նրանք հիմա էլ են հայտարարում, որ չեն գալու կամ գալու են իրենց օրակարգով, ապա թող գա սեպտեմբերը, այո, հիմա նրանց արտահայտությունները և խոսույթը նրա մասին է, որ նույն պահվածքը շարունակվելու է: Եթե կշարունակեն նույն պահվածքը դրևսորել և այսպես ասած` չեն հասկանա, որ նրանք վերջապես պետք է սպասարկեն իրենց քվե տված քաղաքացիների շահերը, ապա մենք` որպես քաղաքական մեծամասնություն, ովքեր պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների առաջ, կկայացնենք համապատասխան որոշումն այդ ժամանակ, և ես կարծում եմ, որ այո, այդ ժամանակ մենք ավելի խիստ կվերաբերվենք ընդդիմության նման գործելաոճին: