Ռուսաստանն ու Ուկրաինան չեն պատրաստվում մոտ ապագայում վերսկսել բանակցությունները, այդ մասին խոսք չկա, այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։
Բանակցությունների մասին չի խոսում նաև Կիևը, ավելին՝ երեկ ուկրաինական կողմը հայտնեց երկրի հարավում ռուսական ուժերի գրաված շրջանները ազատագրելու նախագահ Զելենսկու հրամանի մասին։
Ընդ որում՝ երեկ երեկոյան ռուսական և ուկրաինական կողմերը հայտնեցին ամերիկյան հրթիռային համակարգերով ռուսների կողմից գրավված Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի ուժգին ռմբակոծության մասին։
Կիևի հաղորդմամբ, հրթիռակոծվել է ռուսական բազան, Մոսկվան իր հերթին պնդում է, որ ռմբկոծվել են քաղաքացիական օբյեկտներ։ Երկու կողմն էլ խոսում է հարձակման հետևանքով ուժգին պայթյունի և զոհերի մասին։ Համացանցում տարածվել են պայթյունի տեսագրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չասիվ Յարի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-իՕդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերխի Բրատչուկը հայտնել է հարձակման հետևանքով 150 ռուս զինվորների, այդ թվում՝ գեներալի և հինգ սպաների մահվան մասին։ Ռուսական կողմը, սակայն, զինվորականների մահվան մասին չի խոսում, պնդում է, թե գնդակոծվել են քաղաքացիական թիրախներ՝ մարդասիրական օգնության պահեստն ու շուկան, յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, 80 հոգի էլ վիրավորել է։
Կախովսկայայի շրջանի՝ ռուսական կողմի նշանակած ղեկավար Վլադիմիր Լենոտևը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ տուժել են տասնյակ բանակելի և քաղաքացիական շենքեր։
«Կոնկրետ դժվար է ասել, բայց մեծ պայթյունի հետևանքով տասնյակ, հարյուրավոր բնակելի շենքեր և քաղաքացիական շինություններ են տուժել», - ասել է Լենոտևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հատուկ ռազմական գործողությանը Ռուսաստանի ներուժի միայն աննշան մասն է ներգրավված. ՊեսկովԴոնեցկի մարզում, որտեղ առաջիկայում սպասվում են թեժ մարտեր Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների համար, ռուսական զորքերը շարունակում են դանդաղ առաջ գնալ։ Ռուսական բանակը շարունակում է նաև ուկրաինական տարբեր բնակավայրերի, այդ թվում՝ Խարկովի և Նիկոլաևի ինտենսիվ հրթիռակոծությունը։
Բրիտանական հետախուզությունը հայտնում է, որ Դոնբասում մեծ մարտի պատրաստվող ռուսական կողմը փորձում է իր բանակը համալրել նոր զինվորներով, ընդ որում զինված ուժերի անձնակազմի սղության պատճառով Ռուսաստանը կարող է դիմել «հավաքագրման ոչ ավանդական մեթոդների»։ Մասնավորապես, կարող է հավագրում սկսել բանտարկյալների շրջանում, ինչպես դա տեղի էր ունենում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պարզապես այն ժամանակ բանտարկյալներին հավաքագրում էին կանոնավոր բանակում ծառայելու համար, իսկ այսօր «Վագներ» մասնավոր բանակում։ Ըստ բրիտական հետախուզության, եթե ռուսական կողմը նոր զինվորներ է հավաքագրում բանտարկյալների շրջանում, ուրեմն իսկապես զգալի կորուստներ ունի։
Բանակում կորուստների մասին տվյալներ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել մարտից։
«Ազատության» ռուսական ծառայության տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ ռուսների կորուստները հսկայական են և գնալով էլ ավելի մեծ կլինեն։
Ուկրաինայի իշխանությունները ասում են՝ «տվեք մեզ բավարար արդիական սպարազինություն և մենք մեր բոլոր գրավված տարածքները ետ կվերցնենք»։
Պոդոլյակը հարցազրույցում շեշտում է, որ եթե ռուսները մնան Ուկրաինայի տարածքում, պատերազմը կիսատ կմնա, ռուսներն էլ իրենց պարտված չեն զգա։ Իսկ ռուսներին հաղթելու համար ուկրաինացիներին, Պոդոլյակի խոսքով, մեծ քանակի զենք է անհրաժեշտ։ Օրինակ՝ ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերի բավարար քանակը, նրա խոսքով, կարող է փոխել պատերազմի պատկերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այն զենքերը, որը ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր են աշխատել»․ Զելենսկի«Արդիական այդ համակարգերի այն քանակը, որ մենք այսօր ունենք, դեռ բավարար չէ․ հենց ունենանք կրիտիկական քանակ՝ ռուսների ունեցած քանակի հետ հավասար քանակ, ռազմական պատկերն էապես կփոխվի։ Եվ մենք հնարավորություն կստանանք անցկացնել մեր տարածքները հետ վերցնելու, օկուպացիայից ազատելու և թշնամու ուժերի մաքսիմալ քանակ ոչնչացնելու հատուկ օպերացիա», - ասել է Պոդոլյակը։
Կիևն արդեն մի քանի ամիս պնդում է՝ չի հրաժարվի իր տարածքներից հանուն խաղաղության, Մոսկվան իր պլաների մասին հստակ չի հայտարարում, սակայն, օրինակ, երեկ նախագահ Պուտինը Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել, նախկինում ռուսական անձնագրեր բաժանում էին Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, ինչպես նաև Խերսոնում։
Պաշտոնական Կիևը Պուտինի հրամանագիրն անօրինակ է որակել և արևմտյան երկրներին կոչ արել՝ նոր՝ ավելի ծանր զենք տալ Կիևին՝ իր տարածքները հետ վերցնելու համար, և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը դատապարտում է ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու Պուտինի հրամանագիրը