Կրեմլի խոսնակն այսօր պարզաբանել է Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարությունն այն մասին, թե Ռուսաստանը «դեռ լրջորեն ոչինչ չի սկսել Ուկրաինայում»։
Դմիտրի Պեսկովն ասել է՝ Ռուսաստանի նախագահն այդպես պատասխանել է արևմտյան երկրներից և Կիևից հնչող այն պնդումներին, թե Ուկրաինան կպատերազմի մինչև հաղթանակ։
Երկրի նախագահն այսպիսով հիշեցրել է, որ երկու երկրների կարողությունները լիովին անհամեմատելի են, ասել է Պեսկովը՝ հավելելով. - «Ռուսաստանի ներուժն այնքան մեծ է ռազմական առումով, որ հատուկ ռազմական գործողությանն այս ներուժի միայն աննշան մասն է ներգրավված»։
Մինչ Ռուսաստանի նախագահը պատերազմն սկսելուց չորս ամիս անց պնդում է, թե ռուսական ուժերը մեծ հաշվով դեռ լրջորեն ոչինչ չեն սկսկել, Ուկրաինայի նախագահը վերստին հայտարարում է, թե իր երկիրը պատրաստ չէ Ռուսաստանին զիջել իր տարածքները։
Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է CNN-ի եթերում։ Ընդ որում, ամերիկացի լրագրողը Զելենսկուն հարցն ուղղելիս նկատել էր, որ ըստ մի շարք ամերիկացի պաշտոնյաների, ուկրաինական բանակը ի զորու չէ վերադարձնել ռուսների գրաված տարածքները։
«Ուկրաինացիները պատրաստ չեն իրենց հողերը զիջել, ընդունել, որ այդ տարածքները պատկանում են Ռուսաստանին: Սա մեր հողն է», - հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունը անում է մի իրավիճակում, երբ ամերիկացի ռազմական փորձագետներն արդեն խոսում են Լուգանսկի մարզում ռուսական ուժերի լուրջ հաջողության մասին և շեշտում, որ ռուսները նոր ուժեր ու սպառազինություն են կուտակում՝ Դոնեցկի մարզում պատրաստվելով մեծ ճակատամարտի։
Ռազմի դաշում ռուսական ուժերի հաջողությունները, սակայն, չեն խանգարում Զելենսկուն խոսել ուկարինական կողմի այսօրվա և վաղվա հաղթանակների մասին։ Երեկվա իր ուղերձում Ուկրաինայի առաջնորդը, մասնավորապես, բերել էր այս պատերազմի խորհրդանիշը դարձած Զմեինի կղզու օրինակը. - «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զմեինի համար մեր զինվորներին, այնտեղ կանգնեցվել է մեր ազգային դրոշը։ Եվ հիմա թող յուրաքանչյուր ռուս կապիտան, լինի դա նավի թե ինքնաթիռի կապիտան, տեսնի Ուկրաինայի դրոշը Զմեինի կղզու վրա և իմանա, որ մեր պետությունը չի կարող կոտրվել»:
Չնայած Ուկրաինայի նախագահի վճռականությանը, ռուսական զորքերը նույնիսկ իրենց իսկ հայտարարած տակտիկական դադարի պայմանններում շարունակում են ուկրաինական բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծությունները և դանդաղ առաջ են շարժվում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ:
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ռուսական զորքերը Դոնբասում դադար են վերցնում հանգստանալու և իրենց մարտական կարողությունները վերականգնելու համար։ Թե որքան կտևի դադարը, չի նշվում, մինչդեռ տեղային ռազմական գործողությունները շարունակվում են առաջնագծի ողջ երկայնքով։ Ըստ ամենայնի, ռուսական ուժերը պայմաններ են ստեղծում առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում ավելի նշանակալի հարձակման համար։
Բրիտանական հետախուզության և ամերիկացի ռազմական փորձագետների կարծիքով, հաջող խոշոր մարտերը լինելու են Դոնեցկի մարզի Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների համար։ Ուկրաինացիները կատաղի դիմադրություն են ցուցաբերում, ինչի մասին վկայում են նաև ռուսական կողմի կորուստների մասին անկախ աղբյուրների տվյալները։
BBC-ի ռուսական ծառայության և Mediazone-ի լրագրողները կամավորների հետ միասին բացահայտել են Ուկրաինայում զոհված 4515 ռուս զինծառայողների ինքնությունը։ Հետազոտության հեղինակները հիմնվել են բաց աղբյուրներում հրապարակումների վրա և պնդում են, որ այս տվյալները «առնվազն 40-60 տոկոսով պակաս են», քան իրական թիվը։ Մահացածների մոտ 17 տոկոսը սպաներ են, ինչի չի կարող չազդել ռուսական բանակի մարտունակության վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի վերջից չի նշել Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ զոհվածների թիվը, այն ժամանակ ռազմական գերատեսչությունը հայտնել էր 1351 մարդու մահվան մասին։ Ուկրաինական կողմը ևս իր կորուստների մասին ամփոփ տվյալներ չի ներկայացրել։