Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն այսօր հանդիպել են ինդոնեզիական Բալի կղզում մեկնարկած «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ հիմնական շեշտը դնելով ուկրաինական զարգացումների վրա։
«Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի` Արևմուտքի կողմից Կիևի վարչակազմի միլիտարիստական հավակնությունների հետագա աջակցությունն անթույլատրելի է», - նշված է ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն` Բալիում կայացած հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև աշխարհում պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերն ու Սիրիայում ստեղծված կացությունը։