Մատչելիության հղումներ

Ըստ վերլուծաբանների՝ ներկա իրավիճակը «նոր Սառը պատերազմի» սկիզբն է


Մինչև վերջերս Սառը պատերազմը պատմության թանգարաններում որպես եվրոպական պատմության մութ շրջան էր ներկայացվում։ Սակայն Մոսկվայի և Արևմուտքի լարված հարաբերությունները լավատեսության ոչ մի նշույլ չեն հաղորդում։ Ըստ վերլուծաբանների՝ ներկա իրավիճակը «նոր Սառը պատերազմի» սկիզբն է, կամ՝ նախորդի շարունակությունը:

Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ավելի քան չորս ամիս անց աշխարհն ամբողջությամբ փոխվել է, իսկ Ռուսաստան-Արևմուտք առճակատումը թևակոխել՝ նոր փուլ։ Ըստ պաշտոնական Մոսկվայի, նոր երկաթե վարագույրը Եվրոպայում բարձրացրել են Հյուսիստլանտյան դաշինքի երկրները՝ Մադրիդում վերջերս կայացած գագաթնաժողովից հետո։ Նման մեղադրանք օրերս հնչեցրել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Մենք կարող ենք եզրակացնել, որ ՆԱՏՕ-ն Մադրիդում էվոլյուցիոն շրջադարձ է արձանագրել՝ վերադառնալով դեպի իր արմատները, այն է՝ 1949 թվականին հիմնադրման ժամանակ որդեգրած անվտանգության, ռազմական անվտանգության տրամադրման իր սկզբունքներին, հետ դառնալով Սառը պատերազմի ժամանակաշրջան», - հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Միջազգային ասպարեզից օրեցօր մեկուսանալով՝ Պուտինը այժմ ձգտում է ամրապնդել հարաբերությունները իր փոքրաթիվ դաշնակիցների, մասնավորապես՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Երկուսն էլ միավորման տեսլական ունեն, որի իրականացման հարցում, ըստ Պուտինի, իրենց օգնում է հենց Արևմուտքը:

«Այսպես կոչված «հավաքական Արևմուտքի» կողմից գործադրվող աննախադեպ քաղաքական ճնշումներն ու պատժամիջոցները մեզ դրդում են արագացնելու ինտեգրման գործընթացը», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Թեև նախկին Խորհրդային Միության երկրներից Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանը միանալու հավանականությունը անհանգստացնում է Կրեմլին, սակայն Մոսկվայի արտաքին քաղաքականության վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Կորտունովի կարծիքով՝ Մոսկվայի առաջնային մտահոգությունը ՆԱՏՕ-ն է։

«Ռուսաստանի ղեկավարությունն առավելապես մտահոգված է այդ երկրների տարածքում թշնամական ռազմական ենթակառուցվածքների տեղակայմամբ։ Բայց հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը անվտանգության ոլորտում ուժեղ խաղացող չէ՝ Եվրամիության հետ Ուկրաինայի մերձեցումը Կրեմլի համար ավելի քիչ մտահոգիչ պետք է լինի, քան՝ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի մերձեցումը», - նշել է փորձագետը։

Մոսկվայի փողոցներում Հյուսիսատլանտյան դաշինքի մասին տրամադրությունները հաճախ բացասական են: «Մենք ագրեսիվ չենք, բայց դու՛ (ՆԱՏՕ), մի՛ գրավիր մեր տարածքը, այսպես ասենք։ Պուտինը շատ ճիշտ է ասում. «Մենք ձեզ հետ գործ չունենք, բայց դուք էլ՝ հեռու՛ մնացեք մեր սահմաններից», - ասում է մոսկվաբնակ Պավելը։

Բայց կան նաև քաղաքացիներ, ովքեր համոզվելով, որ ռուսական պետական հեռուստատեսությանը չեն հարցազրույց տալիս, այլ կարծիք են հայտնում։ «Ես թշնամաբար տրամադրված չեմ ՆԱՏՕ-ի հանդեպ, ոչ էլ կարծում եմ, որ այն թիրախավորում Ռուսաստանին։ Կարծում եմ՝ այն ընդհանուր շահերի ակումբ է։ Ես դրանում որևէ վտանգ չեմ տեսնում Ռուսաստանի համար», - ասում է մոսկվաբնակ Իրինան։

Թեև Մոսկվայում կյանքը շարունակվում է իր բնականոն հունով, օրեցօր ավելանում են այն ռուսաստանցիները, որոնք հավատացած են, որ Եվրոպայով ձգվող նոր երկաթե վարագույրը կարծես սկիզբ է դնում «նոր սառը պատերազմին», կամ գուցե շարունակում՝ չավարտված պատերազմը, որի ուրվականը երբեք էլ չէր անհետացել:

XS
SM
MD
LG