Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է երեկ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև կայացած հեռախոսազրույցը:
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է. - «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցը եղավ խաղաղության վերաբերյալ մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր մեր աշխարհի համար, որ վրդոված է պատերազմի լուրերով: Աղոթող եմ, որ հաղթեն դիվանագիտական խաղաղարար միջոցները, և ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը: Մաղթում եմ, որ այս հեռախոսազրույցը պատճառ դառնա որպեսզի բարեկամական նոր էջ բացվի հազարամյա հայ-թուրքական հարաբերությունների մեջ»:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ևս անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին:
«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացը», - Թվիթերում գրել է Փայլանը:
Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն երեկ առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Երևանն ու Անկարան ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին. քաղաքագետ