Մատչելիության հղումներ

Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են «երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»


Հայաստանի և Թուրքիայի բանագնացները Վիեննայում երրորդ հանդիպման արդյունքում վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

«Նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար», - այսօր կայացած հանդիպումից հետո նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները։ Թե որոնք են ձեռնարկվելիք քայլերը, որոնց մասին կողմերը պարբերաբար նշում են, փակագծերը այս անգամ էլ չեն բացվել:

Թուրքական «Սաբահը» գրել էր, թե շուրջ 4 ժամ տևած Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը դրական մթնոլորտում է ընթացել, բանակցային սեղանին կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր են եղել, որոնք մանրամասն քննարկվել են:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, բանագնացները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների:

Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: Այդուհանդերձ, ավելի քան հինգ ամիս ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը դեռևս Երևան-Ստամբուլ թռիչքների վերագործարկումն է։

Ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ էլ բանակցությունների օրակարգի մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն Թուրքիայի արտգործնախարարը օրերս ասել էր, թե «քննարկվելու են առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր»: Նա նշել էր նաև, որ շոշափվում է երկու երկրների սահմանները կրկին որոշելու խնդիրը, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նման հարց օրակարգում չկա:

Այսօր էլ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Սիվիլնեթին» ասել է, թե սահմանների վերասահմանագծման շուրջ ակնարկ եղել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։ Աղաջանյանի խոսքով, «սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»: Նա նաև նշել է, որ «թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»։

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին կոչ էր արել ավելի համարձակ լինել: Նրա խոսքով, երբ օրակարգում հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հարցն է, արդեն կարիք չկա երրորդ երկրում հանդիպելու. - «Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու»:

Չավուշօղլուն նաև ասել էր, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը Երևան գալ: Ի պատասխան, պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե որպես քայլ առաջ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG