Վերաքննիչ դատարանն օրերս վճռել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին արած արտահայտությունները չի հերքի, քանի որ հնչեցրել է սեփական գնահատականը։ Այսպիսով՝ Վերաքննիչը բեկանել է շուրջ կես տարի առաջ առաջին ատյանի դատարանի կայացրած՝ տրամագծորեն հակառակ որոշումը, որի համաձայն Հայաստանի ղեկավարը պետք է հերքեր իր այն հայտարարությունը, թե երկրի բարձագույն դատական ատյանի ղեկավարը ծառայություններ է առաջարկել իշխանություններին։
Սահմանադրական դատարանի նախկին նախագահը, սակայն, չի նահանջում, և ինքն էլ իր հերթին դիմելու է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով, որ վարչապետը հերքի իր խոսքերը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հրայր Թովմասյանին ու ցուցադրել վերջինիս` իրեն նվիրած գրիչը«Կարծում եմ, որ այո, կամ եղել է ուղղակիորեն ճնշում, քաղաքական պատվեր չեմ կարող ասել անձամբ վարչապետի, թե ում կողմից, բայց իմ կարծիքով` այո, եղել է քաղաքական պատվեր, որ ուղղակիորեն ամբողջությամբ մաքրել գործով և քաղաքացիական պատասխանատվությունից ամբողջությամբ ազատել զրպարտություն անող անձին», - նշեց նա:
Այս պատմությունը սկսվեց 2020-ի հունվարին, երբ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում մի գրչի լուսանկար հրապարակեց՝ գրելով, թե դա ՍԴ նախագահն է իրեն նվիրել ու գրիչը որակեց որպես «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»։
Այս գրառումից մեկ օր առաջ էլ ասուլիսում պնդել էր, թե Թովմասյանը հեղափոխությունից հետո իր ծառայություններն է առաջարկել նոր իշխանություններին։ Հրայր Թովմասյանն այդ ժամանակ արդեն մեղադրյալ էր արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին պաշոտանական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Այս հայտարարություններից մոտ կես տարի անց խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, բայց մնաց դատավոր։ Այս ընթացքում էլ Փաշինյանից պահանջում էր հերքել իր մասին արած հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը համաձայն չէ առաջին ատյանի դատարանի որոշման հետ, վերաքննիչ բողոք կներկայացնիԵվ եթե ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը եզրահանգել էր, թե վարչապետ Փաշինյանը չի հիմնավորել, որ իր հնչեցրած արտահայտություններով չի զրպարտել Թովմասյանին, հետո արդեն Վերաքննիչը հակառակ եզրահանգման է եկել ու վճռել՝ Փաշինյանն իր կարծիքն է հայտնել։
Հրայր Թովմասյանի փաստաբանը տարակուսած է այս վճռից. «Քաղաքացիական օրենսգրքում հստակ է գրած, որ եթե դու ինչ-որ մի բան ես ասում մեկ այլ անձի վերաբերյալ և օգտվում ես այլ տեղեկատվությունից, այսինքն` այլ անձի խոսքից, օրինակ, դու ասելու ժամանակ պետք է բացահայտես այդ աղբյուրը, այսինքն` եթե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հրայր Թովմասյանը ծառայություններ է առաջարկել և այդ ասածը հիմնավորում էր, կամ այդ ասածի հիմքում ընկած էր մեկ այլ անձի ասած, ինքը դա պիտի հենց այդ ժամանակ բացահայտեր, ոչ թե հետագայում Հրայր Թովմասյանը մտներ դատարան ընդդեմ Փաշինյանի, դրանից հետո Ազգային ժողովի ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը ինտերվյու տար և ասել, որ ես եմ ասել Փաշինյանին մի տարի առաջ, որ ինձ էլ մեկ այլ անձ է ասել, որ ծառայություններ են առաջարկել: Այսինքն` դուրս է գալիս բամբասանքների հիման վրա մենք կարող ենք անձանց զրպարտել»:
Մինչդեռ Վերաքննիչի դատավորները եզրակացրել են. «Նիկոլ Փաշինյանը ոչ թե տարածել է տեղեկատվություն Հրայր Թովմասյանի անձի մասին, այլ որոշակի փաստական հանգամանքների հաշվառմամբ և կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացմամբ իր գնահատականն է հնչեցրել նրա որոշակի գործողությունների վերաբերյալ, այսինքն՝ նա իրացրել է իր կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկատվության տարածման իրավունքը և. հետևաբար, չի կրել տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտականությունը»։
Սա Նիկոլ Փաշինյանի դեմ միակ գործը չէ։ Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով` վարչապետ Փաշինյանի դեմ այժմ շուրջ մեկ տասնյակ հայցեր կան՝ զրպարտության, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու բողոքներով։ Հայցվորները հիմնականում նախկին պաշտոնյաներ են, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այդ մեկ տասնյակից որևէ մեկով դեռ ուժի մեջ մտած որոշում չկա, որով վարչապետին պարտադրվել է հերքել իր իսկ խոսքերը։